ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի այսօր կայացած հերթական նիստում Արցախի նախագահի կողմից ներկայացված ԱՀ գլխավոր դատախազի թեկնածու Գուրգեն Ներսիսյանն ընտրվել է այս պաշտոնում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԺ կայքը։
Խոսելով թեկնածուի անձնային, մասնագիտական որակների մասին՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը կարևորել է հատկապես պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջանում Ներսիսյանի ռազմական հանցագործությունների վերհանման ուղղությամբ փաստահավաք գործունեությունը, ինչպես նաև գերիների հայտնաբերման և անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման աշխատանքները:
Խոսելով իր ծրագրային դրույթների մասին՝ Ներսիսյանն ընդգծել է, որ հանրության վստահությունն ու աջակցությունն ապահովելու համար գործելու են ավելի հրապարակային և թափանցիկ՝ ապահովելով արդարության և արդարադատության շոշափելիությունը: Անդրադառնալով Ազգային ժողովում խմբակցություններում քննարկումների արդյունքներին՝ թեկնածուն նշել է. «Խմբակցություններում հնչած առաջարկությունները, մտահոգությունները և խնդիրները ընդունվել են ի գիտություն, և վստահեցնում եմ, որ Ձեր քվեն ստանալու դեպքում հետամուտ եմ լինելու իմ կողմից ներկայացված ծրագրերի իրագործմանը»:
Աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձ. Արցախի նախագահ
Տեղի է ունեցել նորընտիր գլխավոր դատախազի երդման արարողությունը: