Գերիների և Ադրբեջանի պահվածքի մասին Այվազյանը զրուցել է ֆրանսիացի գործընկերոջ հետ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ժամանակ շեշտել են ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցում Ադրբեջանի կողմից խոչընդոտներ ստեղծելու անթույլատրելիության խնդրի մասին խոսել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը։

Արա Այվազյանը գերիների վերադարձի խոչընդոտների հարցը քննարկել է Ֆիլիպ Ռիքերի հետ

«Այս առնչությամբ Այվազյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի իր գործընկերոջը՝ վերոհիշյալ հարցը օրակարգում մշտապես բարձր պահելու համար: ԱԳ նախարարները շեշտել են ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում և մտքեր փոխանակել համանախագահների գործունեության առաջիկա ժամանակացույցի շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր։ Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի պատվիրակության վերջերս Հայաստան կատարած այցը։ Մտքեր են փոխանակվել այցի արդյունքներով ձեռնարկվելիք հետագա քայլերի շուրջ։

ԱԳ նախարարը տեղյակ չէ, թե Ադրբեջանի հետ ինչ պայմանավորվածության մասին է նշել փոխվարչապետը