Գազալցակայանները ստիպված կլինեն հաճախորդին հայտնել գազի մասին ողջ ճշմարտությունը

Սպառողին ճիշտ տեղեկություններ չտրամադրելու համար տնտեսվարողը կտուգանվի 200 000 դրամով, իսկ 1 տարվա ընթացքում նույն արարքը կրկնելու դեպքում՝ 500 000- ով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Գազալցակայաններում սպառողներին պետք է տրամադրեն վաճառվող վառելիքի անվան, տեխնիկական չափորոշիչների, բաղադրության մասին ճշմարիտ տեղեկություններ։ Նման պահանջ է նախատեսված «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով։ Օրենսդրական կարգավորման առաջարկի հեղինակը կառավարությունն է։ Այն այսօր քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում։

Գազի բալոններով մեքենաների վարորդներին նոր «փորձություն» է սպասում

Կարգավորումը, ինչպես խորհրդարանում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, վերաբերում է ավտոմոբիլային կամ կենցաղային օգտագործման հեղուկ գազի վաճառակետերին:

«Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն՝ վառելիքի անվանման, նպատակային նշանակության վերաբերյալ՝ կոմունալ, կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք: Դա պետք է տեղադրվի սպառողի համար տեսանելի վայրում` վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա»,-ասաց Սիմոնյանը:

Օրենքի պահանջը խախտելու համար տնտեսվարողը կտուգանվի 200 000 դրամով, իսկ 1 տարվա ընթացքում նույն արարքը կրկնելու դեպքում՝ 500 000-ով։

Ոչ ոք չի ասում` հարուստ եմ, իմ կույրաղիքը հանեք, կամ ում համար են անվճար ուսուցման տեղերը

Խոսելով նման խստացման անհրաժեշտության մասին` փոխնախարարը հայտնեց, որ բազմաթիվ սպառողներից բողոքներ են ստացել, որ գազալցակայաններում վառելիքի տարբեր տեսակների վաճառքն իրականացվում է չտարանջատված կերպով։

«Այս կարգավորման արդյունքում սպառողները գազալցակայաններում կունենան պատշաճ տեղեկատվություն, թե վաճառվող գազն ինչ նպատակ ունի` կենցաղային օգտագործման համար է, թե տրանսպորտային շարժիչների համար: Դրանք միմյանցից տարբերվում են խիստ տեխնիկական բնութագրերով, բայց միևնույն ժամանակ գնային առաջարկներով: Եվ փոփոխությունների ընդունումից հետո սպառողը գազալցակայաններում կունենա տեղեկատվություն, թե ինչ տեսակի վառելիք է օգտագործելու»,-ասաց Սիմոնյանը։

Նշենք, որ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության առաջարկին։

Գազալցակայաններում գազը թանկացել է ու պարզ չէ՝ հետո ինչ կլինի