ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են։
«Սահմանվել է, որ դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները։ Դասասենյակներում սոցիալական տարածության՝ մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը»,-նշված է որոշման մեջ։
Բացի այդ, դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։
Իսկ ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա այստեղ ընդունելություն կատարելու սահմանափակումը ևս մեղմացվել է։ Սահմանվել է, որ մանկապարտեզները ձեռնպահ են մնում լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց, բացառությամբ այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել` ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված։
Նախարարը կամ փոխվարչապետը այլևս դպրոցի տնօրեն չեն ընտրի. փոփոխություններ են եղել
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։