Արսեն Թորոսյանը վստահեցնում է, որ իր ասածը սխալ է մեկնաբանվել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է, թե ինչ է ասել գերեվարված և անհետ կորած հարազատների հետ հանդիպմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը պնդում է, որ անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների հետ հանդիպման ժամանակ իր ասածը սխալ է մեկնաբանվել։

«Ցավում եմ, որ գերեվարված և անհետ կորած մեր տղաների հարազատների հետ հանդիպումից հետո իմ խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել: Ուզում եմ կրկին ասել այն, ինչ ասել եմ հարազատների հետ հանդիպմանը և խնդրել բոլորին զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից: Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Թորոսյանը խնդրում է զինվել համբերությամբ: Նա վստահեցնում է, որ պատկան մարմիններն անում են ամեն հնարավորը:

Նշենք, որ անհետ կորածներից մեկի հարազատը` Արսեն Նիկողոսյանը, հայտնել էր, որ զինծառայողների հարազատներից մի քանիսն այսօր հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ներկա է եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։ Նիկողոսյանի խոսքով` վերջինս ասել է, թե պիտի շնորհակալ լինեն, որ գոնե 5 գերու են հետ բերել։

«Վերադարձրեք հայրիկիս». անհետ կորածների ծնողները բողոքի ակցիայի են բերել երեխաներին

Հիշեցնենք` հունվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը:

Գեներալ Մուրադովն անդրադարձել է հայ և ադրբեջանցի գերիների վերադարձի մանրամասներին

Այսօրվա դրությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանում պահվող գերիներից 69–ը։