Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Սյունիքի համայնքներում պետք է բացառվի. ՄԻՊ

Խորհրդային Հայաստանի սահմանային բնակավայրերում հայ գյուղացիներին մշտապես անհանգստացնող խնդիրներից են եղել ադրբեջանական տարածքներից ավազակախմբերի հարձակումներն ու թալանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի և վերջ:

Հայկական սահմանամերձ տարածք. Ներքին Խնձորեսկում չգիտեն` որն է այժմ սահմանը. տեսանյութ

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա շեշտել է, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունով շարունակվում են կոպտորեն խախտվել Հայաստանի առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքները կամ լրջորեն վտանգած են դրանք (սեփականության խախտումներ, կրակոցներ և այլն), խաղաղ կյանքն ու անդորրը:

«Հետևաբար, ինչ էլ ուզում է լինի` նրանց ցանկացած ներկայություն կամ առավել ևս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որևէ տիտղոսից, հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների համակարգի հիմքերին»,-նշել է ՀՀ ՄԻՊ-ը:

Մեկ այլ գրառմամբ Թաթոյանը շեշտել է, որ գյուղացիների իրավունքների, նրանց խաղաղ ու բնականոն կյանքի հարցերը սահմանային վեճերի լուծման գործընթացում պետք է ունենան առաջնային նշանակություն:

«1920-ական թթ., օրինակ, Խորհրդային Հայաստանի սահմանային բնակավայրերում հայ գյուղացիներին մշտապես անհանգստացնող խնդիրներից են եղել ադրբեջանական տարածքներից (նաև հետագայի Կարմիր Քուրդիստանից) ավազակախմբերի հարձակումներն ու թալանը, կենդանիների գողությունները, հայ գյուղացիներին ադրբեջանական հողատերերի կողմից հողեր վաճառելը ու հետո դրանք անօրինական հետ պահանջելը և այլն»,-գրել է Արման Թաթոյանը։

Ըստ նրա՝ պատմական փաստաթղթերը վկայում են, որ ադրբեջանական տեղական վարչակազմերը և Ադրբեջանի ԿԳԿ-ն Զանգեզուրի սահմանամերձ բնակավայրերում ապրող հայ գյուղացիներին մշտապես տեղի-անտեղի մեղադրել են սահմանախախտումների և սեփական տարածքում ոչ օրինական գործունեություն ծավալելու մեջ: Այս ամենին մշտապես նպաստել են սահմանային վեճերը, գյուղացիների նկատմամբ ադրբեջանական սադրանքները:

Հայաստանն ու Ադրբեջանն առանց Ռուսաստանի Սյունիքի մասին որևէ փաստաթուղթ չեն ստորագրել

Գրառման վերջում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ պատմական այս կարևոր փաստերից պետք է դասեր քաղենք և մի քանի պաշտպանող մակարդակով մեր օրերում երաշխավորենք Հայաստանի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքները: