ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան հայտարարել է, որ իրենք «Սպուտնիկ V» պատվաստանյութը կգրանցեն ու կսկսեն արտադրել թունաբանական թեստերի դրական արդյունքների դեպքում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը դեղեր արտադրող թուրքական առաջատար ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել Թուրքիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութ արտադրելու մասին և սկսել է տեխնոլոգիաների փոխանցումը: Թուրքական «VisCoran» դեղագործական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Օզթյուրք Օրանն էլ հայտարարել էր, որ Թուրքիայում մտադիր են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսել ինչպես սեփական կարիքների, այնպես էլ արտահանման համար:
«Մենք բանակցություններ ենք վարում տարբեր երկրների և ընկերությունների հետ, հատկապես նրանց հետ, որոնք պատրաստ են մեզ պատվաստանյութ տրամադրել մինչև ապրիլ։ Ի սկզբանե մենք կենտրոնացել ենք 3 պատվաստանյութի վրա` ռուսական, չինական և այն պատվաստանյութի, որը մշակել են թուրք գիտնականները։ Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը թունաբանական թերություններ է ունեցել։ Բայց մենք շարունակում ենք աշխատել դրա շուրջ, և եթե այդ թերությունները վերացվեն, ապա մենք պատրաստ ենք ոչ միայն գրանցել ու ձեռք բերել այն, այլև արտադրություն սկսել Թուրքիայում», - ասել է Կոջան լրագրողներին:
Սա առանձնացնում է պատվաստանյութը մյուսներից. մասնագետը նշել է Սպուտնիկ V–ի առավելությունը
Նշենք, որ «Սպուտնիկ V»–ն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ցուցակի լավագույն պատրաստուկների տասնյակում:
Պատվաստանյութն արդեն գրանցվել է ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Մեքսիկայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Լիբանանում, Թուրքմենստանում, Հունգարիայում, ԱՄԷ-ում, Իրանում, Գվինեայում և Թունիսում։