ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Դատախազը Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Չնայած քրեական գործով մեղադրյալ Վահան Բադասյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության դատական քննության վերաբերյալ դատախազության պարզաբանումներին, առանձին շրջանակների կողմից իրողությունների աղավաղմամբ հանրության զգացական ընկալումների վրա խաղալով շարունակվում է ձևավորվել այն անհեթեթ կարծիքը, թե իբր Բադասյանը կալանավորվել է մշտական բնակության վայր չունենալու հիմքով: Հերթական նման փորձը կատարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ»,- Facebook- ում գրել է Աբրահամյանը:
Ըստ նրա` հիմքերի թվում դատարանը հատկապես շեշտել է Բադասյանի կողմից նոր հանցավոր արարք կատարելու բարձր հավանականությունը:
Բայց հաշվի առնելով իր գործողությունների հակաիրավական բնույթ ունենալու հանգամանքը գիտակցելու, դրանք պահի ազդեցության տակ կատարած լինելու, ազատության մեջ մնալու դեպքում պատշաճ վարքագիծ դրսևորելու պարտավորվածության վերաբերյալ Բադասյանի կողմից ցուցմունքով տրված հավաստիացումները, ինչպես նաև նրա ընտանեկան դրությունը, պատերազմական գործողություններին մասնակցությունը և առողջական վիճակը՝ քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Գևորգ Սարգսյանը որոշել է Բադասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ:
Բադասյանն օբյեկտիվորեն չէր կարող բնակության վայր ունենալ. փաստաբան
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Եռաբլուրում Բադասյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վերանա և հեռանա։ Հարցին՝ իսկ եթե չհեռանա՞, պատասխանել էր` ուրեմն կհեռացնենք ֆիզիկապես։ Նույն օրը նա բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն ու ձերբակալվել: Իսկ հունվարի 29-ին նրան կալանավորելու որոշում կայացվեց։
«Նրա հանդեպ շատ հարգանքով էին». Գևորգ Պետրոսյանը տեսակցել է Վահան Բադասյանին