Թուրքիան այլևս պատճառ չունի Հայաստանի հետ սահմանները փակ պահելու համար. ԱԳ նախարար

Անդրադառնալով Հայաստանի սահմանին անցկացվող հերթական զորավարժություններին՝ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ Թուրքիան՝ միջազգային հանրության ճնշման տակ, կվերադառնա բնականոն գործընթացի, այդ թվում՝ սահմանների բացմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Թուրքիան այլևս ոչ մի պատճառ չունի Հայաստանի հետ սահմանները փակ պահելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց  ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի՝ փետրվարի 1-ից Կարսում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ու Հայաստանին շարունակաբար սպառնացող հնարավոր վտանգի մասին հարցին:

Ռուս և թուրք զինվորականներն Արցախում համատեղ մոնիթորինգ են իրականացնում անօդաչուներով

«Վիճակն անշուշտ շատ բարդ է, և մեր հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության մթնոլորտը գնալով ամրապնդվի: Դա հեշտ հարց չէ, քանի որ սա ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի արտացոլումն է»,- ասաց նախարարը:

Այվազյանը նաև նշեց, որ որպես պետություն Հայաստանը պետք է ձգտի, որպեսզի իրավիճակը գնա դեպի դեէսկալացիան, ինչը կբերի ՀՀ-ի շուրջ անվտանգային մթնոլորտի ձևավորմանը:

«Դիվանագիտության համար նույնպես առաջնային խնդիրը եղել և մնում է անվտանգության ամրապնդումը: Անվտանգության ամրապնդումն ունի շատ տարրեր՝ ներքին անդորրի ամրապնդումից մինչև տարբեր հարթակներ: Դրա մեջ մտնում է նաև Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձևավորումը»,- ասաց Այվազյանը:

Միջադեպ Կապանում. ռուս սահմանապահները БТР–ով փակել են ադրբեջանցիների ճանապարհը

Անդրադառնալով Հայաստանի սահմանին անցկացվող հերթական զորավարժությունների խնդրին՝ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ Թուրքիան՝ միջազգային հանրության ճնշման տակ, կվերադառնա բնականոն գործընթացի, այդ թվում՝ սահմանների բացմանը: