ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. 2021թ-ի առաջին կիսամյակի համար ԱԺ պատգամավորները պարգևավճար չեն ստանա: Նման կարգադրությունն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ըստ ԱԺ պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության` ԱԺ նախագահը «ստորագրել է կարգադրություն, համաձայն որի առաջին կիսամյակի համար հատկացված դրամական միջոցները բաշխվելու են միայն ԱԺ աշխատակազմի աշխատողների միջև՝ յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
Խորհրդարանի մամուլի ծառայությունը նաև հիշեցնում է, որ Ազգային ժողովի բյուջեի պարգևատրման ֆոնդը հաստատված է դեռևս 2018 թվականից՝ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով և կառավարության համապատասխան որոշումներով:
Հիշեցնենք՝ 2018թ-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո պետական համակարգում ամեն ամիս տրվող պարգևատրումների ու հավելավճարների հարցը սկսեց ակտիվորեն շոշափվել մամուլում ու հանրության շրջանում՝ առաջացնելով հանրության զգալի հատվածի դժգոհությունը:
Ինչ վերաբերում է ԱԺ-ին, ապա 2020թ-ի մեկ ամսվա պարգևավճարներն օրենսդիր մարմնում, համաձայն ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրասենյակից Sputnik Արմենիային տրամադրած տեղեկության, կազմել են 35 064 525 դրամ: Այդ գումարի շրջանակում պարգևատրումներ են ստացել ԱԺ 132 պատգամավորներն ու 544 աշխատակիցները:
Պարգևավճարի փոխարեն` բարձր աշխատավարձ. Երևանի ավագանու անդամները նոր առաջարկ ունեն
2020թ-ի սեպտեմբերից, սակայն, ՀՀ-ի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ԱԺ նախագահի որոշմամբ, պարգևավճարներ են ստացել միայն ԱԺ աշխատակազմի աշխատողները:
Խնայողության արդյունքում, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտնած տեղեկատվության համաձայն, 2020 թվականին ԱԺ-ի կողմից ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 1.300.000.000 դրամ: