ԿԳՄՍ նախարարը պատասխանեց Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի բաց նամակին

Նախարար Դումանյանը հերքել է Արմեն Դարբինյանի հայտարարությունն ու նշել, որ չի կարծում, թե ԿԳՄՍ-ում ստվերային ուժեր կան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ԱԺ ամբիոնից հերքեց ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հրապարակած բաց նամակում նշված մեղադրանքներն առ այն, որ իշխանությունն իր բոլոր հնարավորություններով լծվել է իրեն ռեկտորին պաշտոնից պաշտոնանկ անելու գործին:

«Ես չեմ կարծում, որ ԿԳՄՍ-ում ստվերային ուժեր կան, որ այդ ամենը, ինչ նկարագրված է, կատարում են, և ես տեղյակ չեմ: Միանշանա հերքում եմ նաև կառավարության մասնակցությունը, որովհետև անհնար է, որ կառավարությունն առանց նախարարության նման գործունեություն ծավալի»,- ասաց նախարարը:

Այսքան բուհ ունենալը «ճոխություն» է մեր փոքրիկ պետության համար. ինչ է առաջարկում նախարարը

Դումանյանը շեշտեց, որ բուհի ուսանողների հետ մասնակցել է բազմաթիվ ծրագրերի, լավ հարաբերություններ ունի բուհի ու անձամբ Արմեն Դարբինյանի հետ և հույս հայտնեց, որ վերջինը կբացի փակագծերը, թե ինչ է նկատի ունեցել բաց նամակում:

«Պարո՛ն Դարբինյան, մի փնտրեք խնդիրն այնտեղ, որտեղ այն չկա: Իսկ կառավարություն-նախարարություն օղակում միանշանակ խնդիր չկա: Եթե գիտեք, ասեք, թե որտեղ է այն: Ես ափսոսում եմ, բուհը լավ բուհ  է, որևէ խնդիր բուհի հետ գոյություն չունի»,- ասաց Դումանյանը:

Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված  բաց նամակ էր հրապարակել:  

«Ենթադրում ենք՝ վարչապետն առաջնորդվել է իր խորհրդական Արայիկ Հարությունյանի իմաստուն խորհուրդներով»,- ասված էր նամակում:

«ԵՊՀ–ն բուհական համակարգի մայրը և հայրն է». նախարարը` բուհին հատուկ կարգավիճակ տալու մասին

Դարբինյանը նաև նշում էր, որ վերջին ամիսների ընթացքում ամենօրյա ազգակործան և պետականաքանդ գործունեությանը զուգահեռ վարչապետի աշխատակազմն ու ԿԳՄՍ  նախարարությունը զգալի ուժեր են լծել իրեն ռեկտորի պաշտոնից պաշտոնանկ անելու նպատակի իրագործմանը: