Ի՞նչ նպատակ ունեն կազմակերպիչները. ՀՀ–ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է բողոքի ակցիային

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն անդրադարձել է անհետ կորածների հարազատների ակցիային և վստահեցրել, որ ռուսական կողմն ամեն ջանք գործադրում է գերիներին հայրենիք վերադարձնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, ի պատասխան այսօր Երևանում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության առաջ կազմակերպված բողոքի ակցիայի, հայտարարություն է տարածել` շեշտելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման հարցը Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ուշադրության կենտրոնում է:

«Աստված ինձ տուն բերեց»․ 23-ամյա գյումրեցին հայրենիք վերադարձած գերիների թվում է

«Լիովին հասկանում և կիսում ենք այն ընտանիքների վիշտն ու տագնապը, որոնց հարազատներն ու մտերիմներն այս պահին տուն չեն վերադարձել։ Դա, իրոք, մարդկային մեծ ողբերգություն է։ Ռուսական խաղաղապահ զորախումբը և մարդասիրական արձագանքման միջազգային կենտրոնը, գործելով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ սերտ համակարգմամբ, անմիջական մասնակցություն են ունենում այդ սուր խնդրի լուծմանը: Կցանկանայինք, իհարկե, որ գործընթացն ավելի արագ տեմպերով առաջ ընթանար, բայց հավատացեք` համառ, քրտնաջան և շատ բարդ աշխատանք է տարվում»,- ասված է հայտարարության մեջ:

Դեսպանատունը հիշեցնում է, որ ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ երեկ՝ փետրվարի 9-ին, Հայաստան վերադարձան ևս 5 ռազմագերի, և միաժամանակ զարմանք հայտնում, թե ինչու է Ռուսաստանի դեսպանատան առաջ նման հանրահավաք անցկացվում այն բանից հետո, երբ արտացոլվում է ռուսական կողմի միջնորդական ջանքերի արդյունքը:

«Ակամայից հարց է առաջանում` ո՞րն է այդ ակցիաների կազմակերպիչների իրական նպատակը»,- հարցադրում է անում ՌԴ դեսպանատունը:

Հիշեցնենք՝ անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր ՌԴ դեսպանության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին նամակ փոխանցելու նպատակով։ Ակցիայի մասնակիցները Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների հարազատներն էին։