ՌԱԴԻՈ

Հրամանատարի զրահաբաճկոնը ոչ թե 2 սմ հաստությամբ մետաղն է, այլ իր անձնակազմը. Վարդանով

Հետախույզ, ազատամարտիկ, հասարակական և ռազմական գործիչ Վովա Վարդանովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայկական բանակի կառուցվածքային խնդիրներին։
Sputnik
Հրամանատարի զրահաբաճկոնը ոչ թե 2 սմ հաստությամբ մետաղն է, այլ իր անձնակազմը. Վարդանով

Վովա Վարդանովի դիտարկմամբ` արհեստավարժ զինվորական կարող է լինել դպրոցում լավ զինպատրաստություն սովորած երեխան, ժամկետային զինծառայողը նույնպես կարող է լինել արհեստավարժ։ Եվ հակառակը` ինչպես վերջին պատերազմական գործողությունները ցույց տվեցին, պայմանագրայինը կարող է բացարձակ ոչ մի ընդհանրություն չունենալ արհեստավարժության հետ։

Ժամկետային զինծառայողներին Հայաստանից Արցախ չեն ուղարկում

«Եթե սպաները նորմալ, խելքը գլխին տղաներ են, եթե նույնիսկ մինչև այս պատերազմական վիճակն այդպիսին չէին, բայց հիմա խելքի են եկել, պետք է հասկանան, որ իրենց զրահաբաճկոնը ոչ թե մարմնին կպած 2 սմ հաստությամբ պլաստիկատն է կամ մետաղը, այլ բանակաշինության մեջ իրենց համապատասխան ներդրումը, այսինքն` զրահաբաճկոնն իրենց շրջապատող տղաներն են»,– նշեց ռազմական գործիչը։

Վարդանովի կարծիքով`հրամանատարի ձեռքում կան խոցելիությունը նվազեցնող գործիքներ, որոնց մի մասն իր անձնակազմն է, որն էլ ապահովում է անվտանգությունը։ Ըստ նրա` եթե սպան ավելի խելացի գտնվի ու շարունակ զբաղվի իր ղեկավարած ստորաբաժանման մարտունակությունը բարձրացնելով, ապա հենց այդ ստորաբաժանումն էլ կլինի պրոֆեսիոնալ` անկախ նրանից, թե ումից է բաղկացած` պայմանագրայիններից, թե նորակոչիկներից։

Հիշեցնենք` ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմալուծման մասին: Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ավելի ուշ հայտարարեց, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով։

Այնուհետև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հերքելով պաշտպանության բանակի լուծարման լուրը։