«ԵՊՀ–ն բուհական համակարգի մայրը և հայրն է». նախարարը` բուհին հատուկ կարգավիճակ տալու մասին

ԿԳՄՍ նախարարը կարծում է, որ պետք չէ այսօրվանով դիտարկել ԵՊՀ–ն` բուհն արդեն 100 տարեկան է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. ԵՊՀ–ն մեր բուհական համակարգի լոկոմոտիվն է` և՛ մայրն է, և՛ հայրը։ ԱԺ–ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին։

Այսքան բուհ ունենալը «ճոխություն» է մեր փոքրիկ պետության համար. ինչ է առաջարկում նախարարը

Պապոյանը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ է օրենքում ԵՊՀ–ն հատուկ կարգավիճակ և ֆինանսավորման առանձնահատուկ կարգ տրվում, ի՞նչ միջազգային փորձի հիման վրա է նման որոշում կայացվել` Ֆրանսիայում կամ Անգլիայում կա՞ նման փորձ։

Պատգամավորի կարծիքով` սա խորհրդային ավանդույթ է, որն առանց հիմնավորման է ներառվել օրենքի նախագծում։

«Ամեն ինչ չէ, որ պետք է փնտրել ԱՄՆ–ում, Ֆրանսիայում կամ Անգլիայում։ Օրինակ, Մոսկվայի պետական համալսարանն ունի հատուկ կարգավիճակ։ Աշխարհի բոլոր բուհերն ավանդույթների պատմություն են։ Բացի այդ, պատահական չէ, որ ԵՊՀ–ն անվանում են Մայր բուհ։ Պետք չէ այսօրվանով դիտարկել ԵՊՀ–ն` բուհն արդեն 100 տարեկան է»,–ասաց նախարարը։

Նա նշեց, որ ցավում է` պատգամավորն այդպես ընդհանուրի մեջ է գնահատում ԵՊՀ–ն։

Ի պատասխան Պապոյանը արձագանքեց, որ բուհի որակի մասին փաստում են թվերը` բուհն ավարտածներից քանիսն են աշխատաշուկայում իրենց տեղը գտնում իրենց մասնագիտությամբ։ Իսկ ԵՊՀ–ի դեպքում այդ թվերը պատգամավորը հնչեցնել չուզեց։

Դումանյանն էլ, սակայն, նշեց, որ, այսօր բուհն ունի խնդիրներ, սակայն ինչ վերաբերում է թվերին, ապա ԵՊՀ–ն որևէ խնդիր չունի դրանցից նեղվելու։

Որն է բարձրագույն կրթության մասին օրենքի ամենաաղմկահարույց կետը. մեկնաբանում է փորձագետը

Հիշեցնենք, որ մասնագիտական հանրությունը բավական քննադատեց այս օրենքի նախագիծը։ Ավելին, մի շարք բուհեր` ներառյալ Երևանի պետական համալսարանը և Երևանի պետական բժշկական համալսարանը, պահանջել էին հետ կանչել օրենքի նախագիծը` դրա որոշ կետեր անընդունելի համարելով։