ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետն առաջիկայում կայցելի Շիրակի մարզ՝ հանդիպելու գերիների հարազատների հետ: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրության շրջանում գերիների վերադարձի գործընթացից առկա դժգոհությանը:
«Դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, դժգոհություն կա նաև կառավարությունում,- ասաց նա, -գերիների խնդրի մասին ինձ հիշեցնելու անհրաժեշտություն չկա: Ես ոչ մի վայրկյան դրա մասին չեմ մոռանում»:
Փաշինյանը նշեց, որ վերադարձի գործընթացի համար որևէ ակցիա անելու անհրաժեշտություն չկա, գերիների հարցն առաջնահերթություն է:
Վարչապետը շեշտեց, որ ՌԴ-ն ևս ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացում, քանի որ ՌԴ նախագահը ևս ստորագրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով նախատեսվում է գերիների և այլ պահվող անձանց վերադարձ:
Նշենք, որ այսօր շիրակցի գերիների հարազատները փակել էին մարզ տանող ճանապարհները։
Հիշեցնենք` հունվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը:
Գեներալ Մուրադովն անդրադարձել է հայ և ադրբեջանցի գերիների վերադարձի մանրամասներին
Այսօրվա դրությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանում պահվող գերիներից 69–ը։