Այսքան բուհ ունենալը «ճոխություն» է մեր փոքրիկ պետության համար. ինչ է առաջարկում նախարարը

ԿԳՄՍ նախարարի կարծիքով` բուհերի կառավարման խորհրդի կազմում դասախոսներ և ուսանողներ ընդհանրապես չպետք է լինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Այսքան շատ բուհ ունենալը բավականին «ճոխություն» է մեր փոքրիկ հանրապետության համար։ Նման կարծիք այսօր ԱԺ–ում` «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկման ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Վրան աշխատելու կարիք կա». բուհերի մասին վիճելի օրենքը կքննարկեն երեք շաբաթից

Նշենք, որ ԼՀԿ–ական պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է օրենքում սահմանված, որ բուհերի կառավարման խորհուրդները պետք է լինեն 9 հոգանոց կազմով, որից 5-ը կլինեն կառավարության և լիազոր մարմնի կողմից ներկայացուցիչներ, իսկ 4-ը` դասախոսներ և ուսանողներ։ Պատգամավորը հարցրեց` արդյո՞ք բուհի ինքնավարության իրավունքը չի վտանգվում։

«Ես կարծում եմ, որ բուհի կառավարման խորհրդի անդամների բաշխվածությունը ոչ թե պետք է լիներ 5։4, այլ 9։0, այսինքն` կառավարության և լիազոր մարմնի կողմից ներկայացուցիչներ լինեին այնտեղ։ Հարցն այն է, որ եթե բուհի հիմնադիրը պետությունն է, ապա պետությունն էլ պետք է կրի 100 տոկոս պատասխանատվություն բուհի համար»,–ասաց նախարարը` հավելելով, որ, սակայն, այս որոշումն ընկալելի չէր լինի հանրության և մասնագիտական հանրության կողմից։

Դումանյանը նշեց, որ իրականում բավական բարդ է ընտրել բուհի կառավարման խորհրդի կազմը, քանի որ բուհերի թիվն անբնական շատ է, իսկ մարդիկ` քիչ են։

Ինչ վերաբերում է հարցին, թե բուհերի կառավարման խորհրդում քանի ուսանող և դասախոս պետք է ընդգրկված լինեն` նախարարը պատասխանեց, որ բուհն ինքը պետք է որոշի այդ հարցը։

Հայաստանի բուհերի լավագույն ուսանողները կստանան Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ

Իսկ հարցին` արդյո՞ք բուհերի ինքնավարությունը վտանգի տակ չի դրվում, նախարարն այդպես էլ չպատասխանեց` ասելով միայն, որ բուհի ինքնավարությունը սկսվում և ավարտվում է բուհի առաքելությունն իրականացնելու գործունեության մեջ։

Հիշեցնենք, որ մասնագիտական հանրությունը բավական քննադատեց այս օրենքի նախագիծը։ Ավելին, մի շարք բուհեր` ներառյալ Երևանի պետական համալսարանը և Երևանի պետական բժշկական համալսարանը, պահանջել էին հետ կանչել օրենքի նախագիծը` դրա որոշ կետեր անընդունելի համարելով։