Ավելի քան 2,2 հազար անուն թուրքական ապրանք է արգելվել ներկրել Հայաստան

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ իշխանություններն այժմ աշխատում են Թուրքիայից ներկրվող ապրանքները հայկական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Հայաստան արգելված է ներմուծել ավելի քան 2200 անուն թուրքական արտադրության ապրանք: Այս մասին այսօր Աժ-ում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Թուրքական ապրանքների արգելքը կերկարաձգվի ևս 6 ամսով. արգելվել է նաև վերելակների ներկրումը

«Հունվարի 1-ից արգելվում է Թուրքիայից 2250 անուն ապրանք ներկրել։ Մեր նախարարությունն առցանց աշխատում է բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք խնդիրներ են ունեցել ապրանքների ներմուծման կամ պատվիրված ապրանքի ստացման հետ, և մենք աշխատանքային կարգով այդ բոլոր խնդիրները լուծել ենք»,- ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով ՝ իշխանություններն այժմ աշխատում են Թուրքիայից ներկրվող ապրանքները հայկական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ: «Մենք ուշադրություն ենք դարձնում նաև ԵԱՏՄ-ի, Իրանի, Չինաստանի շուկաներին»,- ասաց Քերոբյանը:

Հիշեցնենք՝ թուրքական ապրանքների Հայաստան ներմուծման վեցամսյա արգելքն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից։

Կառավարությունը թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակումը հիմնավորել էր Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությամբ:

Սահմանափակումները չեն կիրառվում միջանկյալ սպառման համար նախատեսված կամ արտադրողների կողմից սեփական արտադրության կազմակերպման համար օգտագործվող ապրանքների, մասնավորապես՝ հումքի նկատմամբ։