ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին իշխանության մոտեցումները ֆունդամենտալ փոփոխություններ չեն կրել: Այս մասին այսօր Աժ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով արտահերթ ընտրություններ չանցկացնելու մասին «Իմ քայլի» վերջին հայտարարությանը վերաբերող հարցին:
«Ի սկզբանե ասել ենք, որ այդ հարցի համար առանցքային է խորհրդարանական ուժերի դիրքորոշումը: Եվ խորհրդարանական ուժերը մերժել են այդ առաջարկը: Մենք ասել ենք, որ, հաշվի առնելով այս հանգամանքը, շարունակում ենք նույն կերպ առաջնորդվել դեկտեմբերի 18-ին հրապարակված ճանապարհայիին քարտեզով»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ճանապարհային քարտեզի արդյունքների հիման վրա էլ կկայացվեն որոշումներ արդեն հետագա անելիքների վերաբերյալ:
Նա նաև շեշտեց, որ որոշումը կայացվել է «Իմ քայլը» խմբակցության հետ համատեղ քննարկման արդյունքում՝ առկա իրավիճակը վերլուծելուց հետո:
«Մենք արտահերթ ընտրությունների առաջարկն անում էինք որպես հնարավոր հանգուցալուծում: Բայց մի շարք ուժեր խորհրդարանական ընտրությունների հանգամանքը առաջարկում էին օգտագործել որպես էսկալացիա և ապակայունացնող գործոն»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում մերթ ընդ մերթ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ 17 կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծված Հայրենիքի փրկության շարժումը պահանջում է վարչապետի հրաժարական, ապա մեկ տարի Ազգային համաձայնության կառավարություն՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ապա նոր միայն խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում։
Արտահերթ ընտրությունների պահանջ չկա․ «Իմ քայլը» աջակցում է վարչապետին և կառավարությանը
Գործող իշխանությունը մինչ վերջերս դեմ չէր արտահերթի գաղափարին, բայց առանց վարչապետի հրաժարական տալու։