Ռոբերտ Քոչարյանին թույլատրեցին իրեն պատկանող գույքի վերաբերյալ պայմանագրեր կնքել

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավորին ներկայացնում են, թե ՀՀ երկրորդ նախագահն ինչ պայմանագրեր է ուզում կնքել իրեն պատկանող գույքի առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր թույլատրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանադրված գույքի հետ կնքել ցանկացած պայմանագիր, բացի օտարումից։

«Մենք Ռոբերտ Քոչարյանին սատարելու որևէ հարց չենք քննարկել». Սաղաթելյան

Դանիբեկյանը նման որոշում կայացրեց` բավարարելով Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի` այդ առնչությամբ ներկայացրած միջնորդությունը։

Նշենք, որ Քոչարյանը մասնակցում է նիստին։

«Դատարանը որևէ խոչընդոտ չի տեսնում գույքի օտարում չհանդիսացող և օտարմանը չհանգեցնող գործարքների կնքման թույլտվություն տալ կալանադրված անշարժ գույքի նկատմամբ։ Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին թույլատրել իրեն պատկանող կալանադրված գույքի հետ կնքել ցանկացած գործարք, որը չի կարող հանգեցնել այդ գույքի օտարման»,–ասաց դատավորը։

Սակայն Դանիբեկյանը հայտնեց, որ Խուդոյանի միջնորդության մեջ նշված է, որ այդ գույքը Քոչարյանն ուզում է անհատույց օգտագործման, ինչպես նաև պահնորդական ծառայության հանձնել։ Դատավորը հետաքրքրվեց, թե ինչի մասին է խոսքը։ Խուդոյանը պատասխանեc, որ ուզում է դռնփակ նիստում ներկայացնել մանրամասները։

Գործով դատախազները չառարկեցին ներկայացված միջնորդությանը։ Այժմ դատական նիստը շարունակվում է դռնփակ։

Մարտի 1-ի գործը բաղկացած է բազմաթիվ միֆերից. ինչու տուժող ոստիկանները դատարան չեն գալիս

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում։

Ռոբերտ Քոչարյան․ «Ես վերադառնում եմ մեծ քաղաքականություն»