ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Կապիտալը Հայաստանից փախչում է։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«2019թ-ի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները 11 անգամ քչացել են»,- արձանագրեց նա։
Պատգամավորի խոսքով` Հայաստանից հեռացող ներդրողները գնում են ոչ թե եվրոպական կամ այլ երկրներ, այլ հիմնականում ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստան:
«Երբ մենք ասում էինք, որ հունվարին չեք կարողանալու թոշակ-աշխատավարձեր վճարել, դուք եվրոբոնդեր եք թողարկում, փողը բերում եք, որ մի երկու ամիս էլ ձգեք: Բա հետո ի՞նչ եք անելու»,- ասաց Մելքումյանը:
Պատգամավորն առաջարկեց գործող իշխանությանն ընդունել, որ չի կարողանում կառավարել երկիրը և չտանել երկիրը կործանման:
Հիշեցնենք` Հայաստանը հունվարի վերջին 750 մլն դոլար ծավալով եվրապարտատոմսեր է թողարկել։ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով` պարտատոմսերի թողարկման պատճառներից մեկը համաշխարհային ֆինանսական կազմակերպությունների մոտ հավաքված մեծ ծավալի ազատ ֆինանսական միջոցներն են, որոնք վերջինները ձգտում են տեղաբաշխել ներդրումների մեջ։
Պարտատոմսերը 10-ամյա պարտքային արժեթղթեր են` ԱՄՆ դոլարով, 3.875 տոկոս եկամտաբերությամբ, 750 մլն դոլար ընդհանուր ծավալով։