ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ինչո՞ւ է Հայաստանում առ այս պահը պահպանվում ռազմական դրությունը: Հարցն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ի վերջո ադրբեջանցի զինվորականներն ինչ ուզում, անում են: Ադրբեջանցի զինվորականները Սյունիքում GPS-ը գրկած, Սյունիքը ոնց ուզում, ձևում են: Հիմա գնացեք Ներքին Խնձորեսկ, տեսեք՝ քանի մետր, քանի կիլոմետր, աջ, ձախ, հյուսիս, հարավ, ոնց ուզում, գալիս են: Նույնը՝ Սյունիքի Կապանին կից բնակավայրերում: Ինչ-որ մեկը կարող է ասել՝ ինչո՞ւ է Հայաստանում պահպանվում ռազմական դրությունը, երբ այս իշխանությունը ռազմագերիների, անհետ կորածների խնդրով զբաղվում է ընդամենը «գալչկայի» համար»,- ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը հայտնեց, որ անհետ կորած զինծառայողների ծնողները, հավատալով այն տեղեկություններին, թե իրենց երեխաները Արցախի հարավային հատվածից կարող են անցած լինել Իրան, խնդրել են իրեն կապ հաստատել Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ՝ պարզելու որքանով կարող է դա համապատասխանել իրականությանը:
«Ինձ համար տարօրինակ է, երբ ՌԴ նախագահն է Դավոսի տնտեսական համաժողովում խոսում Արցախի հիմնախնդրից ու դիմում միջազգային հանրությանը՝ ասելով հումանիտար ճգնաժամ է Արցախում, եկեք և օգնեք»,- ասաց Զոհրաբյանը:
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց սեպտեմբերի 27-ին։
Ռազմական դրության ժամանակ արգելվում էր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակում անելը։
Արգելվում էր նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը։
«Լուսավոր Հայաստանն» ԱԺ-ին առաջարկել էր վերացնել ռազմական դրությունը, սակայն խորհրդարանը նոյեմբերի 26-ին 36 կողմ, 56 դեմ, 2 ձեռնպահ ձայներով մերժեց այդ առաջարկը։
Դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունը ամբողջությամբ վերացրեց ռազմական դրության շրջանակում կիրառված սահմանափակումները: