Համավարակի երկրորդ ալիքի բռնկումից հետո Երևանում ամեն օր ավելի շատ տրանսպորտային միջոց է երթևեկում, ինչն էլ վերջին երկու օրերին խցանումների առաջացման հիմնական պատճառներից մեկն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը։
«Մինչև կորոնավիրուսը 2020-ի սկզբում էլ խցանումներ կային, և շատ կազմակերպություններ, որոնք հեռակա էին աշխատում կամաց-կամաց վերադառնում են առկա աշխատանքի, ամեն օր ավելի շատ տրանսպորտային միջոց է դուրս գալիս փողոց»,- ասաց նա։
Ղահրամանյանի կարծիքով` անգամ նոր փողոցներ կառուցելով, կամ եղածները լայնացնելով՝ խցանումներից խուսափել չի հաջողվի, անհրաժեշտ է նախևառաջ կարգավորել հանրային տրանսպորտի կանոնավոր աշխատանքը։
Անդրադառնալով վարորդական վկայականի տրամադրման կարգի խստացմանը` ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամը նշեց, որ գոնե առաջիկա 2 տարում այն տեսանելի արդյունք չի կարող ապահովել երթևեկության կարգավորման հարցում, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։