Հայաստանում կառուցվող ինժեներական քաղաքում առաջինը բացվել է Պոլիտեխնիկի ամբիոնը

Մնացած հայտատու ընկերությունների նախագծային աշխատանքներն արդեն պատրաստ են: Նախարար Հակոբ Արշակյանի խոսքով` դրանք արդեն դրվում են շինարարության համար հայտարարվող մրցույթների:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik.Հայաստանում կառուցվող ինժեներական քաղաքն արդեն 7 հայտատու ունի: Այսօր հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում տեղեկությունը հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Հակոբ Արշակյանը դպրոցականներին հորդորում է լավ սովորել ֆիզիկան ու մաթեմատիկան

«Սա միայն սկիզբն է: Այս տարի արդեն կսկսվեն աշխատանքները: Կոնստրուկտորական նախագծային աշխատանքներն արդեն պատրաստ են, և դրանք արդեն դրվում են շինարարության համար մրցույթների»,- ասաց նախարարը:

Նա նաև հայտնեց, որ ինժեներական քաղաքում հողատարածքներ ստանալու համար պետությունը կաջակցի ծրագրի մասնակից ընկերություններին՝ նվիրատվության կամ անվճար շահագործման տարբերակով:

Նախարար Արշակյանը հայտնեց, որ 2020թ-ին ինժեներական քաղաքում հիմնվել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրոնային համակարգերի և չափիչ սարքերի ամբիոնը, որը կրթական նոր ծրագրեր է իրականացնելու ու որտեղ դասավանդելու են նոր մասնագետներ:

Հիշեցնենք՝ Ինժեներական քաղաքը Հայաստանում նախատեսված է կառուցել Բագրևանդի տարածքում: Այն ծրագրվել էր գործարկել 2021 թ-ից:

Կառավարության ներկայացրած նախագծի համաձայն`«Ինժեներական քաղաք» ծրագրի կյանքի կոչմամբ Հայաստանը պետք է աշխարհին ներկայանա որպես նորարարական ճարտարագիտական լուծումների տարածաշրջանային հանգույց։

Նախատեսվում է տեխնոլոգիական ժամանակակից ենթակառուցվածքի ստեղծում, ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, նոր աշխատատեղերի ստեղծում, ստարտափների հիմնում, ՏՏ ոլորտի կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում և արտահանման ծավալի աճ:

Ծրագիրը պետք է նպաստի նաև ճարտարագիտական տեխնոլոգիաների, արտադրանքի և ծառայությունների արտահանմանը դեպի համաշխարհային շուկա։