Հայաստանից Չինաստան արտահանման ծավալն ավելացել է. վարչապետը ընդունել է դեսպանին

Վարչապետն առաջարկել է չինական ընկերություններին ներկայացնել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող ներդրումային հնարավորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

2020թ.-ին, չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին, Հայաստանից  Չինաստան արտահանման ծավալն ավելացել է։ Վարչապետի գնահատմամբ՝ սա վկայում է երկկողմ առևտրաշրջանառության դրական դինամիկայի մասին:

Ինչպե՞ս կարող է հայաստանյան շուկան հետաքրքրել Չինաստանին. Սահակյանը տարբերակ է առաջարկում

«Հայաստանն ու Չինաստանը ինտենսիվ հարաբերություններ ունեն, չինական բիզնեսը, մշակույթը, կրթությունը շոշափելիորեն ներկայացված են մեր երկրում: Մենք պատրաստակամ ենք հետևողականորեն խորացնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար և մյուս ուղղություններով»,- ասել է վարչապետն ու երախտագիտություն հայտնել ՉԺՀ կառավարությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՀՀ առողջապահության ոլորտին տրամադրած օժանդակության համար:

ՉԺՀ նորանշանակ դեսպանը պատիվ է համարել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում: Նա շեշտել է, որ երկու երկրներին կապում են փոխադարձ վստահությունն ու ըմբռնումը, և Չինաստանի կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը:

Ի՞նչ էր ծխում առաջնորդը, կամ Չինաստանում հայկական նոր ապրանքներ կհայտնվեն

«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախում պատերազմից հետո ստեղծված իրավիճակի շուրջ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության հարցում Չինաստանի անկողմնակալ դիրքորոշման համար՝ նշելով, որ դեռևս չլուծված է մնում ԼՂ կարգավիճակի հարցը, և Հայաստանը կարևորում է բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Չինաստանը տեղյակ է Արցախի մարդասիրական բնույթի խնդիրներից. Ֆան Յունը` Միրզոյանին

Խոսելով հումանիտար խնդիրների մասին՝ վարչապետն առաջնահերթություն է համարել գերիների վերադարձը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը:

Չինաստանի դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը սատարում է տարածաշրջանում անվտանգության, կայունության, խաղաղ համագործակցության կայացմանը և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:

Խոսվել է տնտեսական կապերի զարգացման մասին, մասնավորապես՝  Հայաստանում չինական ներդրումների ավելացման, ապրանքաշրջանառության աճի, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին։ Երկուստեք հեռանկարային է համարվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, հումանիտար ոլորտներում գործակցությունը: Վարչապետն առաջարկել է չինական ընկերություններին ներկայացնել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող ներդրումային հնարավորությունները։  Դեսպանը վստահեցրել է, որ տեղեկատվությունը կփոխանցի չինական բիզնես շրջանակներին և վարչապետին փոխանցել «Շանհայ Էքսպո - 2021» ցուցահանդեսին մասնակցելու հրավերը: