ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների հերթական փոխանակման շրջանակներում Բաքու է տեղափոխվել մեկ ադրբեջանցի գերի, նրա փոխարեն Երևան են բերվել 5 գերիներ։ Տեղեկությունը հայտնել է Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
«Այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողությամբ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ անձ և Երևան են վերադարձվել հինգ գերիներ», - ասել է Մուրադովը լրագրողներին։
Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի կատարմանը:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց 5 հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը։ Նրանց մեծ մասը Գյումրիից են։