«Ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիրներին խնդրե՞նք, որ ընտրություն անելուն համաձայնեն». Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի խոսքով` իրենք քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հասկացել են` հանրության պահանջը կտրուկ տարբերվում է սոցցանցերում հնչող պահանջներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Factor.am–ի հետ զրույցում անդրադարձել է «Իմ քայլի» տարածած հաղորդագրությանը և ասել, որ պարտվելուց, քաղաքական ճգնաժամից հետո իշխանությունը մի քանի անգամ առաջարկել է նոր ընտրությունների գնալ, բայց ընդդիմությունը շարունակել է փողոցային պայքարը։

Երեկ «Իմ քայլը» հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հանդես էր եկել հայտարարությամբ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ վարչապետի` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից։ Հայտարարության մեջ նշված էր նաև, որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։

«Իշխանությունն ասաց` եկեք ընտրությունների գնանք, սակայն նրանք չեն ուզում ընտրություններ, քանի որ գիտեն` լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու, իսկ վատագույն դեպքում ես չեմ բացառում, որ ԱԺ–ում առկա կուսակցություններից մեկն ընտրություններից հետո նաև ԱԺ–ում չհայտնվի։ Հիմա մենք ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիրներին համոզենք, խնդրենք, որ ընտրություններ անելուն համաձայնե՞ն»,–ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով` քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հասկացել են` հանրության պահանջը կտրուկ տարբերվում է սոցցանցերում հնչող պահանջներից։ Սիմոնյանը նշեց` մարդիկ ուզում են, որ թավիշը վերանա և երկիրը կարգի բերեն։

Իշխան Սաղաթելյանը նշել է արտահերթ ընտրություններից «Իմ քայլի» հրաժարվելու պատճառները

Հիշեցնենք` այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքներն ամփոփելիս կանդրադառնան արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը։ Ի դեպ, դեռ նախորդ տարվա նոյեմբերի 18-ին Փաշինյանը հայտնել էր, որ 2021 թվականի հունիսին հանդես կգա ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ։

«Նիսյա» խոսակցություն. Մարուքյանը լուրջ չի ընդունում «Իմ քայլի» հայտարարությունը