Ծնողները պահանջում են բացել մանկապարտեզները. բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի մոտ

Քաղաքային իշխանությունը պնդում է, որ Հայաստանում մանկապարտեզների հարցը մոտ ժամանակներս կլուծվի։ Սակայն ծնողները նշում են, որ դա պատասխան չէ, ու նրանց կոնկրետություն է պետք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Շուրջ հարյուր ծնողներ Երևանի քաղաքային իշխանությունից պահանջում են նշել նախադպրոցական երեխաների ուսումնական հաստատությունների բացման ու ընդունելության ժամկետները: Մանկապարտեզների հետ կապված անորոշության հարցը քաղաքապետարանի դիմաց միայնակ ակցիայի ժամանակ բարձրացրել է ծնող Լուսինե Սարգսյանը։

Սպառնացել է դանակով կտրել վիզը. «Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակին ձերբակալել են

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ծնողները պարզապես ֆիզիկապես չեն կարողացել գալ, քանի որ չգիտեն՝ երեխաներին ում հետ թողնեն։ Լուսինեն եկել է երեք տարեկան դստեր հետ։

«Երեխաս մանկապարտեզ ընդունվելու համար գրանցվել է 2019 թվականի սեպտեմբերին։ Հետո սկսվեց համավարակը, կորոնավիրուսային սահմանափակումները, և հարցը հետաձգվեց։ Բայց ինչու հիմա՝ թուլացումների (կարանտինային սահմանափակումների-խմբ.) ֆոնին, մանկապարտեզների բացման ժամկետները սահմանված չեն», - ասաց Լուսինեն ։

Նրա խոսքով՝ այս ընթացքում կտրուկ շատացել են մասնավոր մանկապարտեզները, որտեղ ծնողները ստիպված են տանում երեխաներին։ Լուսինեն չի կարող նույն կերպ վարվել,  քանի որ ընտանիքում միայն ամուսինն է աշխատում, իսկ ինքը չի կարողանում աշխատել, քանի որ պետք է մնա տանը՝ երեխայի հետ։

Կինը չի հասկանում պետական մանկապարտեզները փակ պահելու իմաստը, երբ մասնավորները աշխատում են։

Նրա տեղեկություններով՝ այսօր մանկապարտեզի հերթի է սպասում մոտ 12 հազար երեխա։

«Ես ու ինձ նման շատ մայրեր ուզում են աշխատել, բայց չեն կարող, քանի որ երեխային ոչ ոքի վստահել չեն կարող։ Բացեք մանկապարտեզները», - ասաց կինը։

Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքային իշխանությունը տեղյակ է խնդրից և քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում տեղերն ու խմբերը մեծացնելու ուղղությամբ:

Երևանի «Մեր բակ» մանկապարտեզում երեխաներին ծեծելու փաստով հետաքրքրվել են իրավապահները

Նա ասաց, որ համաճարակաբանական նորմերի պահպանման հարցում քաղաքապետարանն առաջնորդվում է միայն կառավարության որոշումներով։

Ինչ վերաբերում է մանկապարտեզների բացման հարցին՝ Կարապետյանը նշեց, որ այն կլուծվի առաջիկայում, և հանրությունն անպայման կիմանա այդ մասին։

Նշենք, որ հունվարի 11-ից բացվել են Հայաստանի միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունները, սակայն մանկապարտեզները դեռ փակ են։ Առողջապահության նախարարությունը բազմիցս նշել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների բացման ժամկետները քննարկվում են։