ՌԱԴԻՈ

Փաշինյանի և իշխանությունների հեռանալուց հետո միայն կլինեն արտահերթ ընտրություններ. Աբովյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Լիլիթ Մակունցի տեսակետին, ըստ որի` խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունն արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չի ձևակերպել։
Sputnik
Փաշինյանի և իշխանությունների հեռանալուց հետո միայն կլինեն արտահերթ ընտրություններ. Աբովյան

Արման Աբովյանի դիտարկմամբ` ԲՀԿ–ն իր մոտեցումներում ոչինչ չի փոխել, Փաշինյանն ու իշխանությունները պետք է հեռանան, քանզի թե՛ անցյալում, թե՛ հիմա, թե՛ ապագայում ի զորու չեն լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք ծառացել են Հայաստանի առջև։ Ավելին` այդ խնդիրներն, ըստ նրա, ստեղծել են հենց գործող իշխանությունները, հենց իրենք են պատասխանատուն և մեղավորը։

«Փաշինյանի և իշխանությունների հեռանալուց հետո, այո, պետք է լինեն արտահերթ ընտրություններ, որ ձևավորվի նոր, լեգիտիմ, պատասխանատու իշխանություն։ Մեխանիզմները կարելի է երկար քննարկել, բայց ամենակարևորը Փաշինյանի ու իշխանությունների հեռացումն է»,– նշեց Աբովյանը։

Իշխան Սաղաթելյանը նշել է արտահերթ ընտրություններից «Իմ քայլի» հրաժարվելու պատճառները

Ինչ վերաբերում է ընտրությունների վերաբերյալ ընդդիմության կողմից հասարակական պահանջ չձևավորելու` Լիլիթ Մակունցի հայտարարությանը, Արման Աբովյանը հորդորեց իշխանության ներկայացուցիչներին դուրս գալ Ֆեյսբուքից, որովհետև ըստ էության ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ այդ մարդիկ կամ առհասարակ կտրված են իրականությունից, կամ իրենց գլուխներում ձևավորել են զուգահեռ Հայաստան` ապրելով այդ երևակայական Հայաստանի ներքո։

«Իշխանությունները պետք է դա հասկանան, իսկ եթե չեն հասկանում, ապա դա իրենց խնդիրն է, բայց իրականում նրանց որոշումները զարգացող պրոցեսների մեջ արդեն ոչ մի դերակատարություն չունեն։ Նրանց վարքագիծն ակնհայտորեն տանում է ներքաղաքական իրավիճակի սրացման, իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ–ին, ապա մենք կիրառելու ենք սահմանադրական և օրինական բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդները»,– նշեց ԱԺ պատգամավորը։

Աբովյանի կարծիքով` գործընթացը կանգ չի առնի, դա բնավ աթոռակռիվ չէ, լոկ ընդդիմության հայտը չէ իշխանությանը և ոչ մի կապ չունի դասական քաղաքական գործընթացների հետ, դա ազգային օրակարգ է, և ԲՀԿ–ն հիմնվում է զուտ այդ գաղափարի վրա։ Ըստ նրա` պրոցեսը զարգանալու է այն տրամաբանության մեջ, որ իշխանությունը պետք է հեռանա, իրավիճակը կայունանա ու դրանից հետո նոր տեղի ունենան արտահերթ ընտրություններ։  

«Սխալ կլինի թողնել, որ Փաշինյանն իր թիմով մասնակցի ընտրություններին ու վերարտադրվի»

Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հանդես էր եկել հայտարարությամբ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից։ Հայտարարության մեջ նշված էր նաև, որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։