Ներքին գործերի նախարարության ստեղծումն ու պարեկային ոստիկանության համակարգի ներդրումը հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ են հետապնդում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով ոստիկանության համակարգում նախատեսվող փոփոխություններին։
Կոստանյանն այստեղ նաև լրջագույն վտանգներ է տեսնում։
«Խոսքը վերաբերում է ոչ միայն համակարգի աշխատանքի դժվարությանը, այլ երկրի հասարակական անվտանգության պահպանության և ոստիկանության ապաքաղաքականացվածության երաշխավորմանը»,- ասաց նա։
Նախկին գլխավոր դատախազն ասում է` առաջ էլ, երբ կառույցը նախարարության կարգավիճակ ուներ, շատ լավ աշխատում էր, բայց քաղաքականացված լինելու վտանգեր էր պարունակում։ Դա է պատճառը, որ որոշում կայացվեց ոստիկանությանը «զրկել» նախարարության կարգավիճակից։
«Հանցավորության դեմ պայքարը և հասարակական կարգի պաշտպանությունը չպետք է որևէ կերպ քաղաքականացված լինեն, քաղաքականացված լինելը խանգարելու է և՛ ոստիկանությանը, և՛ հասարակական կարգի պաշտպանությանը»,- ընդգծեց Կոստանյանը։
Նրա խոսքով` ոչ թե պետք է վերցնել ու ձևական ներդնել այս կամ այն երկրում կիրառվող ինստիտուտները, այլ մանրակրկիտ ծանրութեթև անել դրա արդյունավետությունը։ Կոստանյանը համոզված է` բարեփոխումների արդյունքում նախատեսվող մասնավոր դեդեկտիվի ինստիտուտը ևս դատապարտված է ձախողման։
«Մեր հասարակության պայմաններում դա անընդունելի է, ասեմ` ինչու, որովհետև մեր պետությունը շատ փոքր է և հասարակությունը շատ միատարր է, բոլորը բոլորին ճանաչում են։ Այստեղ մասնավոր դեդեկտիվի ինստիտուտը չի աշխատելու»,- Կոստանյանը։
Նշանակվել են Արցախի ոստիկանության ու ԱԻՊԾ ղեկավարներ
Հիշեցնենք` ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը կառավարությունը հաստատել էր 2019թ–ի հոկտեմբերի 10-ին։
Ռազմավարությունից բխող բոլոր գործողությունների ծրագրերը միասին գնահատվել են 20 մլրդ 282 մլն 44 հազար դրամ: