ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ստեփանակերտցի քաղաքագետ, դասախոս Դավիթ Ղարաբեկյանը կարծում է, որ այսօր հայ ազգի փրկությունը հնարավոր է միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի իմպիչմենտի դեպքում։ Նա գրառում է արել Facebook–ի իր էջում։
Փաստարկելով իր դիրքորոշումը` նա նշում է, որ Արցախը պատերազմի հետևանքով կապիտուլացված միակ պետությունն է, որի առաջնորդն ու ռազմական գերատեսչության ղեկավարը շարունակել են կատարել իրենց պաշտոնական պարտականությունները։
Քաղաքագետը կարծում է, որ այդ երևույթի պատճառները պետք է փնտրել ոչ հեռավոր անցյալում, երբ ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում, սկսած 1992-1994թթ․ ադրբեջանա-արցախյան պատերազմից, 2016թ․-ի քառօրյա պատերազմից, չեն հետաքննվել այն գործողությունները, որոնք հանգեցրել են մարդկանց մահվան և Արցախի, նրա բնակչության անվտանգության համար անդառնալի կորուստների։
Նրա խոսքով` 6 «Տոր»-երից 4-ի «գլուխը կերել են», ինչպես նաև 3,8 միլիարդ դոլարի այլ սպառազինության, Արցախի պաշտպանության բանակը փաստացի անզեն է մնացել։ Բոլոր կարևոր բարձունքները, մշակովի հողերը, փոքր ՀԷԿ-երը և այլն հանձնել են Ադրբեջանին, բայց ոչ ոք ոչնչի համար պատասխան չի տալիս։
Մինչդեռ ՀՀ վարչապետը, ըստ քաղաքագետի, բացեիբաց շանտաժ է անում քաղաքական ընդդիմությանը, որ կարող է ընթացք տալ 2016թ․-ի քառօրյա պատերազմի նյութերին։
«Նշանակում է՝ այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոմպրոմատ էր հավաքում Արցախի և Հայաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության վրա և հավաքում էր ոչ միայնակ, այլ արցախցի գործընկերոջ և Co.-ի հետ, որպեսզի հարկավոր պահին գործի դնի՞»,-հարց է բարձրացնում քաղաքագետը։
Նա կարծում է, որ խնդիրը ոչ միայն կապիտուլյացիան է, այլև հայտարարության ստորագրումից հետո մի շարք գյուղեր Ադրբեջանին հանձնելը։ Այդ փաստերը, Ղարաբեկյանի կարծիքով, ուղիղ վկայությունն են այն բանի, որ երկու հայկական պետությունները ղեկավարությունները (դե ֆակտո և դե յուրե) խոստովանել են, որ ունակ չեն կատարել սահմանադրական կարգի, քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների, երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության պարտականությունները:
Քաղաքագետը տարակուսանք է հայտնում, թե ինչո՞ւ, ինչպես ինքն է կարծում, ազգային շահերի դավաճանություն կատարած մարդկանց՝ իշխանության ղեկին գտնվելու փաստը որևէ ազգային կազմակերպության մոտ ազգային և միջազգային ատյաններում սեփական ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ հայց ներկայացնելու վճռականություն չի առաջացրել: Նա հույսը դնում է միջազգային արդարադատության վրա։ Բազմաթիվ նախադեպեր կան, երբ պատասխանատվության են կանչվել բռնապետներն ու սեփական ժողովրդի ցեղասպանության հեղինակները։
Ղարաբեկյանը վստահ է, որ միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և Արայիկ Հարությունյանի իմպիչմենտի նախաձեռնումը ազգին կփրկի հերթական ծանր զիջումներից, թույլ կտա պաշտպանել նրա պատիվն ու բարի անունը, կվերադարձնի ապագայի հույսը:
«Անպատժելիությունն առաջացրեց ավելի ու ավելի ծանր հանցագործությունների շղթայական ռեակցիա, կոռուպցիայի, անպատասխանատվության և այն ամենի շարունակական աճ, ինչը հայ հասարակությանը հանգեցրեց բարոյական դեգրադացիայի և բարոյական, հոգևոր ծանր կորուստների», - հետևություններ է անում քաղաքագետը։
«Ինչպե՞ս ստացվեց, որ Փաշինյանի մարդիկ և Արցախում նրա վիզավիները հանկարծ հայտնվեցին նույն նավակում, և, օ՜, հրաշք, որտեղ հայտնվեց նրանց սատանայական ոտքը, ամենուր կորուստներ են»։
Ղարաբեկյանի խոսքով՝ հարկավոր են ոչ միայն ընդհանուր կարգի միջոցառումներ՝ իմպիչմենտ, հրաժարական, դատ, այլև տեղի ունեցածի լուրջ փորձագիտական վերլուծություն, համապատասխան իրավական գործընթացներ՝ «գաղտնի գործողություններից» մինչև հրապարակային խորհրդարանական և հանրային լսումներ։