Երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. Արման Թաթոյանը սթափության կոչ է արել

ՄԻՊ–ն իր խոսքն է ուղղել իշխանությանն ու ընդդիմությանը` հիշեցնելով, որ պատերազմից հետո երկրում բավական խնդիրներ կան, որոնք իշխանավեճից կարևոր են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Վերջին ժամանակաշրջանում հանրային քննարկման տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է իշխանավեճի թեմաներով, որի պատճառով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները, անտեսված են մարդկանց վերաբերող իրական գերակայությունները: Նման կարծիք է հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։

Պատերազմի հետևանքով անօթևան է մնացել շուրջ 40,000 մարդ. ՀՀ ՄԻՊ-ն ահազանգում է

«Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը՝ որպես պետության ինստիտուտներ, պետք է իրենց նախաձեռնությունների կամ գործողությունների հիմքում դնեն մարդու իրավունքների արդիական, հանրությանն անհանգստացնող գերակա հարցեր՝ յուրաքանչյուրն իր կարգավիճակի սահմաններում: Այդկերպ է իշխանությունը հանրությանը ցույց է տալիս իր քայլերն իրական խնդիրների առնչությամբ, իսկ ընդդիմությունը նույն սկզբունքով իշխանության նկատմամբ այդ հարցերով ապահովում է պատշաճ վերահսկողություն»,–գրել է նա։

Թաթոյանը սթափության կոչ է արել`  նշելով, որ երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. խախտված կամ լրջորեն վտանգված են սահմանային բնակիչների կենսական իրավունքները, նրանց համար իրենց վերաբերող հարցերում այդպես էլ կանխատեսելիություն չի ապահովվում, Հայաստանին ադրբեջանական իշխանությունները սպառնում են նոր պատերազմով։ ՄԻ պաշտպանը նշում է, որ պետք է երաշխավորել մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքները:

Թաթոյանը շեշտում է` այս և այլ գերակայություններ պետք է լինեն յուրաքանչյուր կողմի նախաձեռնության կամ ծրագրի հիմքում՝ անկախ քաղաքական որևէ հայացքից կամ կարգավիճակից:

Հարբած ադրբեջանցիները կրակում են Սյունիքի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

Հիշեցնենք, որ պատերազմի հետևանքով շատերն են զրկվել իրենց տներից, ունեցվածքից։ Մինչ այժմ դեռ անհետ կորածներ կան, ինչպես նաև գերիների վերադարձի հարցը շարունակում է չլուծված մնալ։