«Ձեր դժգոհությունն ուղղեք ընդդիմությանը». Մակունցը` ընտրություններ չանցկացնելու մասին

Լիլիթ Մակունցի խոսքով` ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքներն ամփոփելիս կանդրադառնան արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմությունը և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունն արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չի ձևակերպել։ Նա նման կարծիք հայտնեց այսօր, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։

«Արտախորհրդարանական ընդդիմության կողմից մեր` արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը դրական արձագանք չի ստացել։ Ինչ վերաբերում է ընդդիմության պահանջին` իշխանափոխությանը, ապա այն հնարավոր է իրականացնել բացառապես ընտրությունների միջոցով։ Դրանով է պայմանավորված եղել, որ ասել ենք՝ եկեք արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը քննարկենք և չենք առարկել»,–ասաց Մակունցը։

«Նիսյա» խոսակցություն. Մարուքյանը լուրջ չի ընդունում «Իմ քայլի» հայտարարությունը

Խոսելով հետագա անելիքների մասին` Մակունցը նշեց, որ շարունակելու են ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները, և դրանք ամփոփելիս կանդրադառնան արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը։ Մակունցը վստահեցնում է` քաղաքացիների հետ իրենց շփումները չեն հաղորդել արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջի ազդակներ։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը վստահեցնում է` իրենք կողմ էին, կողմ են և չէին առարկում քննարկել արտահերթ ընտրություններին առնչվող հարցերը։ «Ձեր դժգոհությունն ու մտահոգությունն ուղղեք ընդդիմությանը, թե ինչու չեն քննարկել և քննարկում արտահերթ ընտրությունների հարցը»,–ասաց Մակունցը։

Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հանդես էր եկել հայտարարությամբ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից։ Հայտարարության մեջ նշված էր նաև, որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։

Իշխան Սաղաթելյանը նշել է արտահերթ ընտրություններից «Իմ քայլի» հրաժարվելու պատճառները

Իսկ ինչ վերաբերում է 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզին, ապա դեռ նախորդ տարվա նոյեմբերի 18-ին էր Փաշինյանն այն ներկայացրել։ Նա հայտնել էր, որ քարտեզում ներառված միջոցառումների իրագործումն անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը կտևի վեց ամիս: Վարչապետը հայտնել էր նաև, որ 2021 թվականի հունիսին հանդես կգա ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ։