Դպրոցականներին 2021 թ.-ին նոր տոմսեր չեն տրամադրվի. ԿԳՄՍՆ

Ծրագրից կարող են օգտվել պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Դպրոցականները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ.-ին բաշխված տոմսերով, տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունից։

ԿԳՄՍՆ-ն խրախուսման մեթոդներ է առաջարկում, որոնք ցանկալի արդյունք չեն ապահովում. փորձագետ

«Դպրոցական բաժանորդային համակարգի» (աբոնեմենտային) ծրագիրը շարունակվում է նաև 2021 թ.-ին: Այս տարի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ.-ին բաշխված, սակայն COVID-19 համավարակով պայմանավորված՝ դեռևս չկիրառված բաժանորդային տոմսերով: Դպրոցականներին 2021 թ.-ին նոր տոմսեր չեն տրամադրվի:

ԿԳՄՍ նախարարությունը հիշեցնում է, որ ծրագրից կարող են օգտվել պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները: Յուրաքանչյուր 10 աշակերտի տրամադրվում է 1 լրացուցիչ տոմս, որը նախատեսված է ուղեկցող ուսուցչի համար:

Տոմսերը կարող են կիրառվել ինչպես անհատական, այնպես էլ խմբային այցելությունների դեպքում: Անհրաժեշտ է (հատկապես թատրոն և համերգասրահ այցելելուց առաջ) նախապես կապ հաստատել համապատասխան հաստատության հետ և ամրագրել։

ԿԳՄՍՆ–ն վերակենդանացնում է «Հեքիաթն է կանչում» մանկական հաղորդաշարը. տեսանյութ