Արա Այվազյանը գերիների վերադարձի խոչընդոտների հարցը քննարկել է Ֆիլիպ Ռիքերի հետ

ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցչի հետ զրույցում ընդգծվել է ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է հայ գերիների վերադարձին առնչվող հարցերին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն` հավելելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր։

Հարցը կլուծվի. Կոպիրկինը՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին

«Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է հումանիտար խնդիրների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցում Ադրբեջանի կողմից խոչընդոտների ստեղծման անթույլատրելիության վրա»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երկուստեք ընդգծվել է ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այվազյանն առանձնահատուկ կարևորել է այլատյացության դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի բազմապատկումը:

Գերիների հարցը լուծել է պետք. Թաթոյանը հանդիպել է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Զրույցի ընթացքում նախարար Արա Այվազյանը և Ֆիլիպ Ռիքերը վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու գործնական ջանքերը հայ-ամերիկյան հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ։