Ինչ անել, որ հայ նկարիչների գործերը հայտնվեն օնլայն աճուրդներում և ներկայացվեն հայկական

Sputnik Արմենիան մշակութային ոլորտի մասնագետներից փորձել է ճշտել, թե արվեստի միջազգային աճուրդների դաշտը ինչպես է զարգանում Հայաստանում և, առհասարակ, ինչպիսի ներկայություն ունի հայ արվեստը համաշխարհային աճուրդներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի -Sputnik, Կարեն Ավետիսյան. Համավարակի օրերին անխափան գործող մշակութային ինստիտուտներից էին համաշխարհային արվեստի միջազգային աճուրդները, որոնք բարեհաջող հարմարվեցին հեռահար խաղի կանոններին և շարունակում են անխափան ծավալել իրենց գործունեությունը։

Այրվող աթոռ․ նկարիչ Ռուբեն Մալայանը յուրահատուկ պերֆորմանս է կազմակերպել

Կարևոր է հասկանալ, որ առցանց ձևաչափը նոր չէ այս ոլորտում, այն զարգացած և տարածված էր դեռ 2000–ականներից ի վեր, երբ Սոդբիսը, Բոնհեմսը, Քրիստիսը և մի շարք այլ աճուրդային տներ աճուրդներն անցկացնում էին օնլայն։
«Աճուրներն ունեն հաճախորդների, գնորդների հանրություն, որի համար թիվ մեկ նախապայմանը` երաշխիքներ ունենալն է. դա նաև օնլայն վաճառքի առաջին կարևորագույն գործոնն է», – մեզ հետ զրույցում ասում է «ԱԱԱուկցիոն» աճուրդային տան տնօրեն Աննա Գրիգորյանը։

Հայաստանն ունի ճանաչման խնդիր` չունենալով աճուրդների անցկացման փորձ դեռ խորհրդային տարիներից։ Ու չնայած Ռուսաստանը հաջողեց համեմատաբար զարգացնել այդ բացը, հետխորհրդային մյուս երկրներում այն շարունակվեց մնալ չլրացված։

«Հարցը հայ արվեստը կամ արվեստագետները չեն, տաղանդի հարց էլ չկա։ Խնդիրը ճանաչման մեջ է և երկրորդ փաստն այն է, որ ոչ մի ինստիտուտ չկա, որ զբաղվի դրանով։ Եթե նայենք Կատարի, Սաուդիան Արաբիայի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների փորձը, կտեսնենք, որ չնայած մեծ մշակույթ չունեն, բայց անցկացնում են աճուրդներ, էքսպոներ, որովհետև պետական ռեսուրսներ են դրվում ոլորտի զարգացման համար»,–ասում է նա։

Ինչ անել, որ հայ նկարիչների գործերը հայտնվեն օնլայն աճուրդներում և ներկայացվեն հայկական

Խոսելով առանձին արվեստագետների մասին` Գրիգորյանը առանձնացրեց Երվանդ Քոչարին, Մարտիրոս Սարյանին, ֆրանսահայ նկարչներին` Ժան Գառզուին (Գառնիկ Զուլումյան), Լևոն Թութունջյանին, Ժանսեմին (Հովհաննես Սեմերջյան`վերջինս նաև հատկապես սիրված է ճապոնական աճուրդներում), սակայն նշեց, որ նրանք հայտնվում են միջազգային աճուրդներում հիմնականում ֆրանսիացի կամ ֆրանսահայ դիլերների շնորհիվ։

Աճուրդներում հնարամիտ ու ճարպիկ միջնորդ լինելու համար պարտադիր չէ լինել նկարիչ. Միրզոյան

«Ինչ վերաբերում է ժամանակակից արվեստագետներին, ապա շատ- շատերը իրենց նկարներն իրենց իսկ ուժերով են ներկայացնում որոշ միջազգային աճուրդներում, կամ ավելի շուտ` առցացանց պատկերասրահներում։ Որքանով են վաճառվում` դժվարանում եմ ասել, բայց նաև կարևոր եմ համարում բարձրաձայնել այն փաստը, որ մենք մինչ օրս չունենք բանկային համակարգ, որը կհամագործակցի PayPal-ի հետ, ինչը նշանակում է, որ չունենք երաշխիքներ արտասահմանյան գնորդների համար։ Չիմանալով Հայաստանը որտեղ է գտնվում` պոտենցիալ գնորդն անգամ ցանկության դեպքում ընկնում է կասկածների և անվստահության գիրկը»,–ասում է Գրիգորյանը։

Հիշելով ոչ վաղ անցյալում Հայաստանում անցկացված աճուրդը` Գրիգորյանն առանձնացնում է Լևոն Թութունջյանի «Դեղին դիմակը», որը վաճառվեց մոտ 300 000 դոլարով։

«Սա անկասկած հաջողություն էր, բայց այդ ամենը մեծ ծախս է ` գովազդ, կատալոգ, միջազգային PR և այլն։ Ամեն բան կախված է մեծ ներդրումներից, որոնք, ցավոք սրտի, չկան»,–ընդգծում է նա։

«Գագոսյանը կարող է մեր նկարիչներից մեկի կտավը 5 մլն դոլարով պատկերասրահում դնել». Միրզոյան

Արվեստաբան, Գաֆեսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների տնօրեն Արմեն Եսայանցը չի համարում, որ անհրաժեշտ է մեծ կարևորություն տալ և ինքնանպատակ համարել հայկական արվեստի ամեն գնով ներկայությունը միջազգային աճուրդներում, քանի որ այլ շուկաների համեմատ, աճուրդները բավականին փոքր ու սահմանափակ են, դրանք ավելի շատ կոլեկցիոներների համար են։ Իսկ հայկական արվեստը մեծ հաջողություններ չի գրանցում` որպես հենց «հայկական»։ Հիմնականում, եթե լինում են հայ նկարիչների գործեր, դրանք ընդգրկվում են ընդհանուր շարքի մեջ, օրինակ, ռուսական արվեստի, ինչպես Սարյանն ու Այվազովսկին։

«Չնայած երբեմն լինում են առանձին դեպքեր, օրինակ` ինքս 2019–ի աշնանը մասնակցել եմ Սոդբիսի նախագծին, որը նվիրված էր Միջին Արևելքի արվեստին, սակայն կատալոգում կար առանձին բաժին, որտեղ ներկայացված էին միջինարևելյան հայ արվեստագետները` Մարկոս Գրիգորյանը կամ Սոնյա Բալասանյանը, Տիգրան Դադերյանը, Փոլ Կիրակոսյանը։ Եթե խոսենք ժամանակակից արվեստի մասին, ապա կրկին շատ քիչ անուններ կային նույն Սոդբիսում` Սոնյա Բալասանյանի ստեղծագործությունը, բայց կրկին` Միջին Արևելքի բաժնում», – նկատեց Եսայանցը` ավելացնելով, որ երբեմն նաև հանդիպում են նմուշներ միջնադարի արհեստավորներից` ձեռագրեր, արծաթագործ իրեր, եկեղեցական կահ–կարասի և այլն։ 

Արվեստաբանի հավաստմամբ` չի կարող միանգամից մի արվեստագետ առանց ընդհանուր պատմության հայտնվել մեծ աճուրդում։ Սկզբում անհրաժեշտ է ներթափանցել մեծ շուկա, որպեսզի հետո հերթը հասնի աճուրդներին։

Ինչ անել, որ հայ նկարիչների գործերը հայտնվեն օնլայն աճուրդներում և ներկայացվեն հայկական

Եսայանցի կարծիքով` պետական քաղաքականությունը նախևառաջ պետք է ուղղված լինի այն արվեստագետներին, որոնք աշխատում և ստեղծագործում են Հայաստանում։ Պետք է ստեղծվի այնպիսի դաշտ, որտեղ հնարավոր կլինի ազատ ստեղծագործել, վաճառել, հայտնվել կոլեկցիաներում, պատկերասրահներում, իսկ աճուրդներն արդեն կլինեն այդ ամենի արդյունքը։