Հայտնի է` քանի երեխա է ծնվել 2020-ին Հայաստանում և որ անուններն են տարածված եղել

Հատկանշական է, որ 2020–ին ավելի շատ ծնունդներ են գրանցվել Հայաստանում, քան 2019–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik.Հայաստանում 2020 թվականին ծնվել է 36 448 երեխա` 17 հազար 350 աղջիկ և 19 հազար 98 տղա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Տեղեկանում ենք նաև, որ աղջիկ նորածիններին ծնողները հաճախ անվանել են Նարե, Մարիա և Անգելինա, իսկ տղաներին՝ Դավիթ, Նարեկ և Հայկ։

Ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին. լուսանկար

Ինչպես ամեն տարի, նախորդ տարի էլ տղաներին ավելի հաճախ են տվել ազգային անուններ, քան աղջիկներին։ Աղջիկներին հաճախ տրվող անունների շարքում են Արիանա, Սոֆի, Միլենա, Ադրիանա, Յանա, Միլա, Կամիլա անունները։ Կան նաև հայկական անուններ՝ Արփի, Անի, Անուշ, Լուսինե, Նանե։ Ինչպես նաև անուններ, որոնք ծագումով հրեական են, բայց դարեր շարունակ տարածված են մեզանում՝ Եվա, Աննա, Մարիամ։

Տղաներին հաճախ տրվող անունների ցանկում օտար անուններից շատ են հանդիպում  Ալենը, Ալեքսը, Մարկը, Լեոն, Հենրին, Ալեքսանդրը և Սերգեյը։ Ծնողները ավելի հաճախ իրենց որդիներին 2020-ին կոչել են Մոնթե, Տիգրան, Արեգ, Միքայել, Գոռ, Արմեն, Աշոտ, Վահե, Սարգիս։

Հատկանշական է, որ 2020–ին ավելի շատ ծնունդներ են գրանցվել Հայաստանում, քան 2019–ին։ 2020թ.–ի 36 448–ի փոխարեն, 2019–ին 36 131 երեխա էր լույս աշխարհ եկել։

Խաղից մինչև ինքնասպանություն. ինչպես պաշտպանել դեռահասության շրջանում գտնվող երեխային

Նույն պատկերն է նաև Երևանում։ 2019 թվականի ընթացքում մայրաքաղաքում ծնվել է 21424 երեխա՝ 11251 տղա և 10173 աղջիկ, իսկ 2020 թվականին՝ 21919 երեխա՝ 11430 տղա և 10489 աղջիկ։

Նշենք, որ համաձայն մասնագետների՝ 2021 թվականին մեզ սպասվում է ծնունդների և ամուսնությունների թվի նվազում։ Պատճառը՝ պատերազմի ու կորոնավիրուսի բերած ռիսկերն են։