Արցախի թեմի նոր առաջնորդն առաջին առաջնորդական պատարագն է մատուցել Ստեփանակերտում

Արցախի մայրաքաղաքի մայր տաճարում կայացած պատարագին մասնակցել է նաև Արայիկ Հարությունյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Ստեփանակերտի Աստվածամոր մայր տաճարում կայացել է պատարագ, որին մասնակցել են Արցախի իշխանությունները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Արցախի նախագահն ընդունել է Պարգև սրբազանին ու Արցախի թեմի նոր առաջնորդին

Սա Արցախի թեմի նոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջին առաջնորդական պատարագն էր։ Պատարագին ներկա էր և այն հատուկ հանձնարարություններով հանդիսապետում էր թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Նշվում է, որ պատարագին մասնակցել է նաև Սուրբ Ծննդյան տոնի և Ջրօրհնեքի արարողության խաչքավոր, ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:

Հիշեցնենք` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Պարգև սրբազանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։ Նա 30 տարուց ավելի առաջնորդել էր Արցախի հոգևոր թեմը:

Արցախի թեմի առաջնորդ է նշանակվել Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Նշենք, որ նոյեմբերի 16-ին սրբազանը սրտի կաթված էր ստացել, բայց Հայաստանում չէր հոսպիտալացվել։ Մի քանի օր անց նա տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ էլ նոյեմբերի 22-ին վիրահատվել էր։