ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Այսօր Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։
Նրա խոսքով` ամեն ինչ սկսվել է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա կրակելուց:
«Ադրբեջանցիներն էլ օգտագործելով առիթը` սադրանքի են դիմել ու փորձել դիրքային փոփոխություն կատարել»,–ասաց նա։
Ռուս սահմանապահները կարողացել են հարթել կոնֆլիկտը և բացառել ադրբեջանցիների նոր դիրքային փոփոխությունները։
Նշենք, որ սոցցանցերում կայծակնային արագությամբ լուր տարածվեց, թե ադրբեջանցիները փորձել են БТР–ներով առաջ տալ իրենց դիրքերը։
Կապանի քաղաքապետը հերքել է ադրբեջանցիների կողմից զինծառայողի առևանգման լուրը
Կապանի քաղաքապետի խոսքով, սակայն, ոչ թե ադրբեջանցիները, այլ ռուս սահմանապահներն էին այսօր БТР տեսակի մեքենայով փակել ճանապարհը, որպեսզի ադրբեջանցիների առաջխաղացումը կանխեն:
Այս պահին իրավիճակը հանգիստ է, ճանապարհն անխափան գործում է։ Ռուս սահմանապահները շարունակում են կատարել իրենց առաքելությունը։
Նշենք, սակայն, որ պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է գրանցված միջադեպի մասին լուրերը։
Նշվում է, որ փետրվարի 5-ին և 6-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
«ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել»,–նշված է հաղորդագրության մեջ:
ՊՆ–ից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում են առաջադրված խնդիրները։
Կապանի քաղաքապետը սահմանների դեմարկացիայի որևէ փաստաթուղթ չի տեսել