Մարտունիում ու Ասկերանում պայթյունների ձայներ լսելու դեպքում անհանգստանալ պետք չէ. ԱԻՊԾ

Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացվելու Արցախի մի քանի համայնքներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված պայթուցիկ առարկաների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Մարտունու շրջանի Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն գյուղերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում։

«Հորդորում ենք պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ, սակրավորներն են աշխատում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել ԱԻ ծառայության 911, 101, 112 ահազանգման կենտրոն:

Ռուս սակրավորները Ղարաբաղում հարվածային ԱԹՍ–ների ականապատ բեկորներ են գտել. գեներալ

Նշվում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը» և «Հելո Թրասթ» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից` այն հավանական սպառնալիքներից դարձնելով ավելի անվտանգ:

Աշխատանքներին ավելի ուշ միացել են ՌԴ ՊՆ սակրավորները:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։