Եղեգիսում 3 որսորդ Կարմիր գրքի բեզոարյան այծ են սպանել ու մասնատել. ինչ է նրանց սպառնում

Առգրավվել է 1 հատ 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող մեկփողանի հրացան և պարկում թաքցված կենդանու մասնատված մարմինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում 3 որսորդներ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ են սպանել։ Տեղեկությունը հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի տարածքային բաժինը։

Բեզոարյան այծերի քառյակը լավ էլ ախորժակ ունի. տեսանյութ

Դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարի 4-ին` Եղեգիս բնակավայրի վարչական տարածքի «Սիրանույշ» ճամբարի մոտակայքում։

Նշվում է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի տարածքային բաժնի և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելով` անմիջապես մեկնել են դեպքի վայր։

Ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման են ենթարկվել 3 քաղաքացի։

«Ա․Մ-ն իրեն պատկանող զենքով որսացել էր ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի մեկ առանձնյակ։ Առգրավվել է 1 հատ 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող մեկփողանի հրացան և պարկում թաքցված կենդանու մասնատված մարմին։ Կատարվում է հետաքննություն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք`Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքը բեզոարյան այծի որսի և ոչնչացման դեպքում նախատեսում է 3 մլն դրամ տուգանք, հատուկ պահպանվող տարածքներում՝ հնգապատիկ ավելի։

Բացառիկ կադրեր. հայաստանյան լեռներում ցատկոտում են 10-ից ավելի բեզոարյան այծեր