ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը փետրվարի 13-ից վերսկսում է ուղիղ չվերթներ իրականացնել Կրասնոյարսկից Երևան։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են ավիափոխադրողի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հրամանագիր էր ստորագրել փետրվարի 15-ից Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին:
Հիշեցնենք` փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործելու է փորձնական ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։
Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։
Քաղաքացիները պետք է ներբեռնեն բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված, ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնել Covid-19 թեստ։ Թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։
Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։
Հայտնի է` փետրվարի և մարտի որ օրերին Գյումրի–Մոսկվա և Մոսկվա–Գյումրի թռիչքներ կլինեն
Փետրվարի 1-ի ժամը 17:35-ի դրությամբ «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածն իր սմարթֆոններում տեղադրել է 18 հազար 500 օգտատեր Հայաստանից:
Երեք օրում Ռուսաստան է մեկնել մոտ 3 900 մարդ, իսկ Ռուսաստանից Հայաստան՝ 3 400։ Ռուսաստան մեկնածների թվում 1 423 - ը եղել են Հայաստանի քաղաքացիներ, Ռուսաստանից ժամանածների թվում ՝ 1 263-ը։ Խնդիրներ են առաջացել միայն Հայաստանի 7 քաղաքացիների հետ։