Թվային տեխնոլոգիաներ և տարիֆային առավելություններ. Փաշինյանի խոսքը ԵԱՏՄ նիստի ժամանակ

Վարչապետի խոսքով՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի հավելվածի մեկնարկն էական սոցիալական և տնտեսական ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում բարձրացրել Է Եվրասիական Տնտեսական միության երկրների ներքին շուկայի պաշտպանության հարցը։

Ելույթի ընթացքում վարչապետը մատնանշել է մինչև 2025 թվականը Զարգացման ռազմավարության վերջնական հաստատումը՝ հույս հայտնելով, որ ընթացիկ տարին արդյունավետ կլինի ինտեգրման համար:

«Միասնական պատուհան» ԵԱՏՄ–ում. Փաշինյանի առաջարկը` աշխատուժի ազատ տեղաշարժի մասին

«Այս կապակցությամբ կցանկանայի նշել բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում հետագա համագործակցությանն ուղղված միջոցառումների կարևորությունը։ Հայաստանն ավանդաբար ակտիվորեն աջակցում և մասնակցում է Միության թվային օրակարգի իրականացման գործընթացին»,-նշել է Փաշինյանը։

Փաշինյանն ուշադրություն է հրավիրել «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի բջջային հավելվածի պիլոտային նախագծի մեկնարկին: Այս նախագիծը հնարավորություն տվեց փոխընդունելի լուծումներ գտնել Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումների հարցում։

«Սա էական սոցիալական և տնտեսական նշանակություն ունի մեր երկրի համար։ Ակնհայտ է, որ նման նախագիծը կարևոր է նաև կորոնավիրուսի տարածման ռիսկի նվազեցման տեսանկյունից եւ կարևոր տեղ է զբաղեցնում համավարակի դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցառումների շարքում»,-ասել է ՀՀ վարչապետը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել ԵԱՏՄ-ում հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների կիրառման վրա։ Փաշինյանի խոսքով՝ դրանք կարող են արդյունավետ լինել երրորդ երկրներից հարաճուն ներմուծման կամ անբարեխիղճ մրցակցության բացասական ազդեցությունից հայրենական արտադրողներին պաշտպանելու համար։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ

Այստեղ, նրա խոսքով, կարևոր է ինչպես միասնական մոտեցումը, այնպես էլ վերջնական արդյունքը, որն արտահայտվելու է Միության երկրների ապրանքների մրցունակությամբ՝ երրորդ երկրների ապրանքների համեմատ։

 «Միության ներքին շուկայի պաշտպանությանն ուղղված մեխանիզմների համատեքստում պետք է դիտարկել նաև գործող միջազգային պայմանագրերին համապատասխան ԵԱՏՄ տարածքում պատասխան միջոցների մեխանիզմի մշակման և ներդրման հնարավորությունը»,-ասել է Փաշինյանը։

Հայաստանում ՏՏ ընկերությունների շրջանառությունը 2020-ին աճել է 20%-ով․ Փաշինյան

Վարչապետը ԵԱՏՄ գործընկերներին շնորհակալություն է հայտնել սակագնային առանձնաշնորհների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը վերանայելու Հայաստանի նախաձեռնությանը Միության երկրների ցուցաբերած կառուցողական մոտեցման համար։

«Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների և ծառայությունների նկատմամբ սակագնային արտոնություններ տրամադրելու հարցն արդեն մտել Է ԵԱՏՄ օրակարգ և մոտ ապագայում համապատասխան լուծում կստանա մեր իսկ ընդունած չափանիշների հիման վրա»,-ասել է Փաշինյանը։

Հայաստանը, նրա խոսքով, պատրաստ է ջանքեր գործադրել ԵԱՏՄ-ում առաջնային ուղղություններում աշխատանքն առաջ մղելու համար:

2020 թվականի դեկտեմբերի 4-ին Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել Եվրասիական տնտեսական միության սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկը՝ առաջարկելով ցանկից հանել Թուրքիային։