ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը` հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։
«Ռուսաստանի հետ Հայաստանի փոխգործակցությունը բարեհաջող է զարգանում, սակայն կա ներուժ այն ավելի խորացնելու։ Ներկայում մենք նախատեսում ենք մշակել Ռուսաստանի հետ համագործակցության բազմավեկտոր օրակարգ և ես հույս ունեմ, որ այն կնպաստի մեր երկրների միջև տնտեսական կապերի սերտացմանը», - ողջունելով հյուրերին՝ նշել է Քերոբյանը:
Դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին ընդգծել է, որ տնտեսությունը երկկողմ համագործակցության առաջատար ոլորտներից է, և ժամանակն է մտածել երկու երկրների միջև տնտեսական կապերն ամրապնդելու և ավելի ակտիվացնելու մասին, ինչին կնպաստի նոր ներդրումների ներգրավումը։
Համակարծիք լինելով դեսպանի հետ՝ Քերոբյանը կարևորել է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման ենթակառուցվածքների ստեղծումը։
Ի՞նչ են քննարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը
Այնուհետև կողմերը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։