«Միասնական պատուհան» ԵԱՏՄ–ում. Փաշինյանի առաջարկը` աշխատուժի ազատ տեղաշարժի մասին

Նրա խոսքով՝ պետք է ձգտել, որպեսզի ԵԱՏՄ պետությունների միջև սահմանները թվային մակարդակում վերանան, առկա սահմանափակումները հասնեն նվազագույնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ թվայնացումը կարող է օգնել Եվրասիական տնտեսական միության տարածքում աշխատուժի ազատ տեղաշարժին։ Նման կարծիք է նա հայտնել Ալմաթիում ընթացող Almaty Digital Forum 2021-ի ժամանակ ելույթ ունենալով։

 «Թվայնացման հնարավորությունները կարելի է օգտագործել աշխատուժի տեղաշարժի ազատության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Համապատասխան բջջային հավելվածը կարող է «միասնական պատուհանում» հավաքել ԵԱՏՄ ողջ տարածքում աշխատատեղերի մասին բոլոր տեղեկությունները, հնարավորություն տալ լրացնել և տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ ընտրված աշխատանքը ստանալու համար», - ասել է վարչապետը Ղազախստանում կայացած Almaty Digital Forum 2021 ֆորումի ընթացքում:

Հայաստանում ՏՏ ընկերությունների շրջանառությունը 2020-ին աճել է 20%-ով․ Փաշինյան

Նրա խոսքով՝ պետք է ձգտել, որպեսզի ԵԱՏՄ պետությունների միջև սահմանները թվային մակարդակում վերանան, առկա սահմանափակումները հասնեն նվազագույնի։

Փաշինյանը գոհունակություն է հայտնել, որ միության երկրները կարողացել են թվային տեխնոլոգիաներն օգտագործել կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած խնդիրների մի մասը հաղթահարելու համար:

«Խոսքը «Ճամփորդել առանց COVID-19» հարթակի մասին է, որը փետրվարի 1-ից, փաստացի, վերականգնել է ազատ տեղաշարժը Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միջև»,-ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ Երևանը սկզբից էլ աջակցել է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծին՝ շնորհակալություն հայտնելով հիմնադրամի գործընկերներին, Ռուսաստանի և Բելառուսի կառավարություններին՝ այդ նախագծի շրջանակներում համատեղ ակտիվ աշխատանքի համար:

«Մենք պետք է ակտիվորեն շարժվենք այլ համատեղ թվային նախագծերի իրականացման ուղղությամբ՝ դրա համար օգտագործելով վերազգային ինստիտուտների և զարգացման ինստիտուտների հնարավորությունները։ Մեր նպատակը պետք է լինի պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների լիարժեք և ամբողջական թվայնացումը, դրա համար անհրաժեշտ է օգտագործել էլեկտրոնային ծառայությունների ողջ տեսականին` բջջային հեռախոսները, ցանցային ծառայությունները, ամպային տեխնոլոգիաները»,-նշել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

Նա Հայաստան կվերադառնա այսօր՝ փետրվարի 5-ին։