ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Նախարարը հանդիպման մասին գրել է Facebook–ի իր էջում։
«Քննարկել ենք Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, հետպատերազմական շրջանում Արցախում տիրող իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց լուծման տարբերակները։ Կարևորել ենք ԵԱՏՄ շրջանակներում սոցիալական ոլորտում երկու երկրների համագործակցությունը, քննարկվել են առկա և նախանշվող ծրագրերը»,– նշել է նա։
Առաքելյանը ներկայացրել է արցախահայության աջակցության ծրագրերը, որոնք իրականացնում է ՀՀ կառավարությունը, խոսել է դրանց ընթացքի, Արցախում առկա սոցիալական վիճակի մասին։
Երկուստեք ընդգծվել է Արցախում սոցիալական իրավիճակի բարելավմանն ուղղված ջանքերի կարևորությունը։ Կողմերը հույս են հայտնել, որ սերտ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել արցախցիների կյանքի որակը։