ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև երեք երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալների համատեղ նախագահությամբ 2021թ. հունվարի 30-ին Մոսկվայում կայացած աշխատանքային խմբի նիստի արդյունքները»,– նշված է հաղորդագրության մեջ:
Քննարկվել են երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, միջազգային հարցում փոխգործակցությունը։ Նախանշվել է առաջիկա միջգերատեսչական շփումների ժամանակացույցը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում էր, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը կայացավ հունվարի 30-ին Մոսկվայում։ Նիստի ընթացքում քննարկվել էին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021-ի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը: Կողմերը պայմանավորվել էին ստեղծել փորձագիտական ենթախմբեր, մինչև 2021 թվականի փետրվարի 2-ն ավարտել դրանց ձևավորումը և մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը անցկացնել ենթախմբի առաջին նիստերը։