Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

Արդյո՞ք արցախյան իշխան Մելիք-Շահնազարը մտածում էր, որ իր միությունը հետագայում խան դարձած ջիվանշիրների թյուրքալեզու ցեղի առաջնորդ Փանահ Ալիի հետ, կհանգեցնի նրան, որ Շուշին կդառնա հայ-ադրբեջանական դիմակայության խորհրդանիշ։
Sputnik

Ինչն է հայկական բազմաչարչար այդ քաղաքում

Շուշիի հայկական թաղամասերը գտնվում էին քաղաքի վերին և կենտրոնական մասերում։ Շուշիի սարահարթի վերին (արևմտյան) հատվածը սկսել է կառուցապատվել 1805 թվականին, երբ ղարաբաղյան խանությունը միացավ Ռուսաստանին։ Այդ ժամանակ Շուշին Անդրկովկասի խոշորագույն քաղաքներից էր, դրա մարգարիտը։

Հայկական մասը զբաղեցնում էր Շուշիի ամբողջ մակերեսի 65%- ը և բաժանված էր 18 թաղամասերի ՝ Մեղրեցոց, Ագուլեցոց (Ագուլիսկի), Ղազանչեցոց (Ղազանչալու) և այլն․դրանք բարեկարգ էին, այդ հատվածը հաճախ անվանում էին «փոքրիկ Փարիզ»։ Տների մեծ մասը սպիտակ քարից էին՝ կարմիր կղմինդրե տանիքներով, փորագրված պատշգամբներով, կամարներով ու սյուներով։ Հայերի շրջանում տարածված էր քաղաքային կառուցապատման եվրոպական ոճը։

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

Քաղաքի հայկական հատվածում 7 հազար բնակելի և վարչական շենքեր են եղել, այդ թվում՝ 5 եկեղեցի, 1 վանք, 300-ից ավելի խանութներ, 15 դպրոց, 1 վարժարան, 1 ուսումնարան, 1 թատրոն, 6 գրադարան, 16 ընթերցասրահ, 23 տպարան:

Շուշիի ամենահայտնի ճարտարապետներից էր Սիմոն Տեր-Հակոբյանցը, որը քաղաքի մեծաթիվ շենքերի հեղինակն էր։ Դրանցից ամենանշանակալին Հայ Առաքելական Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին է (1868-1887 թթ.), որն ամենաբարձր շենքն է Շուշիում․դրա սպիտակ գմբեթը տեսանելի է քաղաքի ցանկացած կետից։

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

Քաղաքում գործում էին բարեգործական հիմնադրամներ, որոնք աջակցում էին ճարտարապետական նախագծերի իրականացմանը։ Հարկ է հիշել Գրիգոր, Միրզա և Սիմոն Առաքելյան (Արաֆելով) եղբայրներին։ 1889թ.-ին նրանց միջոցներով Շուշիում կառուցվել են քաղաքային ջրագիծը և Վերին աղբյուրը։ Նրանք կառուցել են նաև Ռեալական ուսումնարանի շենքը։

Արցախցի հայտնի բարերար Միքայել Արամյանցի (1843-1924 թթ.) միջոցներով քաղաքում երեք դպրոց է հիմնվել։ Նրա պատվին կառուցվել է հիվանդանոց, որը կոչվում էր «Արամյանցի հիվանդանոց»։ Եվս մեկ հիվանդանոց իր միջոցներով կառուցել է Իսահակ Ժամհարյանցը (1822-1902 թթ.)։

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

Շուշիի կառուցապատման գործում մեծ դեր է ունեցել ծնունդով շուշեցի, հասարակական գործիչ, բարերար Թադևոս Թամիրյանցը (1832-1899 թթ.): Նրա միջոցներով քաղաքում կառուցել է 18 կմ երկարությամբ ջրագիծ և գլխավոր ջրամբարը, որը շահագործվել է մինչև 1996 թվականը: Թամիրյանցի գերեզմանը` մարմարյա սև կոթողով, Ղազանչեցոց եկեղեցու բակում պահպանվել էր մինչև 1990 թվականը, սակայն  Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ոչնչացվել է թշնամու կողմից:

Ընդդիմության տեղապտույտը, կամ ինչ է թաքնված Շուշիի մասին Փաշինյանի խոսքերի տակ

20-րդ դարում Շուշին ծանր փորձություններ ապրեց` սարսափելի ավերածություններ, կոտորածներ,  ջարդեր։ 1905-1906 թվականներին Անդրկովկասի մի շարք քաղաքներում հայ-թաթարական բախումներ հրահրվեցին. Շուշիի հայկական մասում կրակը ոչնչացրեց ավելի քան 200 բնակելի և հասարակական շենքեր, այդ թվում ՝ թատրոնի շենքը:

1920 թվականի մարտին հայերի կոտորածների ու ջարդերի հետևանքով քաղաքի հայկական մասը գրեթե ոչնչացվեց, հայ բնակչության ճնշող մեծամասնությունը զոհվեց կամ փախավ քաղաքից։ Մուսավաթականների ու թուրքերի ձեռքով տարբեր տվյալներով զոհվեցին 8-10 հազար քաղաքացիներ: Ավերված շինություններն այդպես էլ չվերականգնվեցին։ 1961 թվականին, Ադրբեջանի ղեկավարության որոշմամբ, հայկական պատմական թաղամասերի ավերակները մաքրվեցին և ապամոնտաժվեցին։

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

1977 թվականին Ադրբեջանական ԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ Շուշին հռչակվեց արգելոց-քաղաք։ Ընդ որում, արգելոց էր հայտարարվել ու վերականգնվել էր միայն քաղաքի արևելյան՝ ադրբեջանական հատվածը, որտեղ ստեղծվում էին տուն-թանգարաններ, կառուցվում էին դամբարաններ: Իսկ հայկական հուշարձանները չէին ընդգրկվել պահպանվող  օբյեկտների ցանկում, հայկական գերեզմանոցներն ու Ագուլեցոց և Մեղրեցոց եկեղեցիներն ավերվել էին և օգտագործվել որպես շինանյութ։

«Մա՞մ, էլի ջոկողություն ես անո՞ւմ...». Շուշիում նույն օրը զոհված եղբայրների պատմությունը

Խորհրդային իշխանության հաստատումից հետո Շուշիին այդպես էլ չվերադարձվեց քաղաքի երբեմնի փառքը։ Ժամանակին Շուշին համարվում էր Անդրկովկասի մշակութային և լուսավորչական երրորդ կենտրոնը Թբիլիսիից և Բաքվից հետո․սա բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Ուոլքերի կարծիքն է:

1988թ.-ին` Ղարաբաղյան հակամարտության սկզբին, Շուշիում ապրում էր ոչ ավելի, քան 17 հազար մարդ, որոնց միայն 1938 թվականից սկսեցին անվանել ադրբեջանցիներ։

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

Քանի որ տարիների ընթացքում պարբերաբար ոչնչացվում և պղծվում էին հայկական պատմամշակութային ու հոգևոր ժառանգության պահպանված մնացորդները, մշակույթի ու գիտության շատ հայ գործիչներ դիմում էին տարբեր կառույցների՝ կոչ անելով պահպանել հայերի պատմական ժառանգությունը։

ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր և Սոցիալիստական աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանը նամակով դիմել էր Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիևին, որտեղ մասնավորապես, գրել էր. «Լեռնային Ղարաբաղում, Նախիջևանի ՀԽՍՀ-ում, Շահումյանի գյուղական շրջանում և հարակից տարածքներում կան բազմաթիվ հուշարձաններ՝ ճարտարապետական գլուխգործոցներ, որոնք մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ... Ցավոք, մինչ օրս ոչինչ կամ գրեթե ոչինչ չի արվել մեր հուշարձանները պահպանելու համար»։

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

Ալիևը, ստանալով աշխարհահռչակ նկարչի նամակը, անպատասխան էր թողել այն։

Հարկ է նշել, որ Շուշին և Արցախն ընդհանրապես ադրբեջանցիներով ակտիվ բնակեցումը, ինչպես նաև տարածաշրջանում հայկական հուշարձանների ոչնչացումը, տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանի ԽՍՀ-ն ղեկավարում էր Հեյդար Ալիևը։

Իրականում քանի՞ հայ է ապրել Շուշիում

1992 թվականի Շուշիի ազատագրումից հետո արցախցիներին հաջողվեց վերականգնել Շուշիի երբեմնի մշակութային, ճարտարապետական հարստության միայն մի փոքր մասը։

Պետության պահպանության տակ էին վերցվել պատմության և մշակույթի ավելի քան 400 հուշարձաններ՝ մ. թ. ա. II–I հազարամյակների դամբարաններ, միջնադարյան խաչքարներ, կամուրջներ, ջրաղացներ, Շուշիի սարահարթի պարիսպները, Ավան Յուզբաշու բերդն ու ժողովրդական ճարտարապետության այլ կառույցներ, այդ թվում՝ շիական կրոնական և ճարտարապետական մշակույթի հուշարձաններ։

Հայկական մշակութային, հոգևոր ու պատմական ժառանգության ամբողջական ցանկն այսօր հնարավոր չէ կազմել, քանի որ դրա մեծ մասը ոչնչացվել է 100 տարի առաջ։ Հավանաբար, նույն ճակատագիրն է սպասում նաև դեռ կանգուն մնացածներին։

Հայկական ժառանգությունը Շուշիում

  •  Ժամհարյանների հիվանդանոցը, որն իր ժամանակին Անդրկովկասի ամենամեծ հիվանդանոցներից էր. հիմնադրվել է 1900 թվականին,
  • Թադևոսի ջրագիծը,
  • ԼՂՀ կերպարվեստի պետական թանգարանը,
  • Ղարաբաղի խաների պալատը (XVIII—XIX դդ.), որը գտնվում է քաղաքի հյուսիսարևելյան մասում,
  • Երևանյան դարպասները,
  • Նարեկացու անվան արվեստի ինստիտուտը,
  • Անտիկ և ժամանակակից գորգերի թանգարանը, քարի թանգարանը, քանդակագործության միջազգային բաց պատկերասրահը,
  • Խանդամիրյանցի թատրոնը. ավերվել է 1905 թվականի իրադարձությունների ժամանակ,
  • «Տպարան հայոց հոգևոր տեսչության». առաջին տպարանն Արցախում. հիմնադրվել է 1827 թ.-ին,
  • «Միրզաջան Մահտեսի Հակոբյանցի» տպարանը` երկրորդ տպարանը Արցախում. հիմնադրվել է 1877 թ․-ին,
  • Շուշիի քաղաքային գրադարանը,
  • Շուշիի բերդը,
  • Կանաչ ժամը և Մեղրեցոցի Հայ առաքելական եկեղեցիները, Ղազանչեցոց եկեղեցին,
  • Աղուլեցոց հայկական եկեղեցին և Կուսանց վանքը, որոնք ավերվել են 1960-ականներին,
  • Եղիշեի անվան հայկական թեմական դպրոցը. բացվել է 1838 թվականին: Դպրոցի սաներն են եղել Վ. Վաղարշյանը, Լեոն, Մուրացանը։
  • Սուրբ Մարիամ հայկական գիմնազիան` հայ կանանց առաջին վարժարաններից մեկը. հիմնադրվել է 1864 թ., փակվել է 1884 թ.:
  • Հռիփսիմյան հայկական օրիորդական դպրոցը, հիմնադրվել է 1876 թվականին,
  • Շուշիի Ռեալական ուսումնարան.  հիմնադրվել է 1881 թ.-ին,
  • Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոց. հիմնադրվել է 1894 թվականին,
  • Ագուլեցոց եկեղեցուն կից հայկական երկսեռ դպրոցը,
  • Թադևոսյան արական դպրոցը,
  • Տիրացու Գայանե Դանիելյանի հայկական երկսեռ դպրոցը,
  • Մեղրեցոց եկեղեցուն կից արական դպրոցը,
  • Ա. Բաղդասարյանի հայկական մասնավոր դպրոցը,
  • Հայ Ավետարանչական դպրոցը. բացվել է 1865 թ. Դորպատի հայ ավետարանիչների կողմից:
  • Շուշիի օրիորդաց վանքին կից դպրոցը. հիմնադրման տարեթիվը հստակ հայտնի չէ, 1873 թվականից ոչ ուշ,
  • Ա. Բաղդասարյանի հայկական մասնավոր դպրոցը,
  • Ա. Տեր-Գրիգորյանի հայկական մասնավոր դպրոցը,
  • Ա. Տեր-Հովհաննիսյանի հայկական մասնավոր դպրոցը,
  • Վ. Շահունցի հայկական մասնավոր դպրոցը,
  • Լորիս Մելիքյանի տուն– ամրոցը (XVIII դ.)` քաղաքի ծայրամասերում, կիսավեր վիճակում,
  • Թարխան Իսախանովի՝ Եսայի Հասան-Ջալալյանի (XVIII դ.) որդու տուն-ամրոցը քաղաքի ծայրամասերում` կիսավեր վիճակում,
  • Հասան Ջալալյանների ամառային նստավայր (XVIII դ.), քաղաքի ծայրամասերում` կիսավեր վիճակում,
  • Հայ գրող Մուրացանի, պատմաբան Լեոյի, ազգային-ազատագրական գործիչ Մ. Սարուխանյանի, Լազարյանների ռազմա-արիստոկրատական տոհմի 19-րդ դարում կառուցված տները,
  • Հայ վաճառականների բնակելի տներ,
  • Սաֆարյան եղբայրների քարավանատունը։