Հայաստանում ՏՏ ընկերությունների շրջանառությունը 2020-ին աճել է 20%-ով․ Փաշինյան

Թվայնացումը և նորագույն տեխնոլոգիաները Հայաստանի կառավարության կողմից դիտարկվում են որպես կարևորագույն գործիք տնտեսության առաջընթացային աճի ապահովման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների շրջանառությունը 2020թ.-ին աճել է 20%-ով: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Almaty Digital Forum 2021 ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020 թվականին Հայաստանում ՏՏ ընկերությունների շրջանառությունը կազմել է ավելի քան 400 միլիոն դոլար։ Նախորդ տարվա համեմատ այն աճել է մոտ 20 տոկոսով», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ բարձր և մասնավորապես թվային տեխնոլոգիաների ոլորտը երկրի տնտեսության ամենաարագ աճող ճյուղն է։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ

Նրա խոսքով՝ 2020 թվականին այդ ոլորտում աշխատողների թիվն աճել է 22 տոկոսով։ «Այս պահին մեր երկրում գրանցված է ավելի քան 1,2 հազար գործող ՏՏ ընկերություն։ Նրանց համար էական հարկային արտոնություններ են նախատեսված՝ ՀՀ կառավարության կողմից այս ոլորտում իրականացվող քաղաքականությանը համապատասխան»,-ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ թվայնացումը, նորարարությունները և նորագույն տեխնոլոգիաները Հայաստանի կառավարության կողմից դիտարկվում են որպես կարևորագույն գործիք պետական կառավարման արդյունավետ և ներկայանալի համակարգի, բարենպաստ գործարար միջավայրի ստեղծման և տնտեսության առաջընթացային աճի ապահովման համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

Նա Հայաստան կվերադառնա այսօր՝ փետրվարի 5-ին։