ԵԱՏՄ-ում կվերանայվեն մաքսային արտոնությունները

Որոշ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, դեռևս նվազեցված տուրքերով են ապրանքներ ներմուծում ԵԱՏՄ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի օգնական Իյա Մալկինան այսօր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը կվերանայի մաքսային արտոնությունները երրորդ երկրների համար։

Թվային տեխնոլոգիաներ և տարիֆային առավելություններ. Փաշինյանի խոսքը ԵԱՏՄ նիստի ժամանակ

Մի շարք զարգացող երկրներ իջեցված մաքսային տուրքերով ապրանքներ են ներմուծում ԵԱՏՄ։ Նման միջոցը որպես աջակցություն է կիրառվում, բայց իրականում ոչ բոլորն ունեն դրա կարիքը։

«Այդ ցանկում գտնվող երկրների 75%-ն իրենց տնտեսական ցուցանիշներով արդեն չեն համարվում ցածր եկամուտ ունեցող երկրներ և նման տուրքերի կարիք չունեն։ Այդ պատճառով այդ երկրների ցանկը կվերանայվի», - հավելել է նա։

Նշենք, որ նման երկրների թվում է նաև Թուրքիան, որը դեպի ԵԱՏՄ արտահանման մի մասի համար մաքսային արտոնություններ է ստանում։ 2019 թվականին Թուրքիայից Ռուսաստան արտահանումը կազմել է գրեթե 3,5 մլրդ դոլար, դեպի Ղազախստան՝ ավելի քան 800 մլն դոլար։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

«Միասնական պատուհան» ԵԱՏՄ–ում. Փաշինյանի առաջարկը` աշխատուժի ազատ տեղաշարժի մասին