Չեխիայի խորհրդարանում Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ բանաձև են ընդունել

Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն կոչ է անում հակամարտությունը կարգավորել քաղաքական ճանապարհով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Փետրվարի 4-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է Պրահայում ՀՀ դեսպանությունը։

ՄԻԵԴ-ը Հայաստանից և Ադրբեջանից 241 գերիների մասին հարցումներ է ստացել․ 228-ը հայ են

«Բանաձևում ողջունելով հրադադարի հաստատումը, միաժամանակ ափսոսանք է հայտնվում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ և կոչ արվում վերջինիս վերադարձնել մնացյալ գերիներին»,–նշված է հրապարակման մեջ։

Միաժամանակ կոմիտեն կոչ է անում հակամարտության քաղաքական կարգավորման՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան, սակայն ՄԻԵԴ–ը երեկ`փետրվարի 4–ին, հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, որ կառույցը Հայաստանից և Ադրբեջանից 241 գերիների մասին հարցումներ է ստացել, որոնցից 228-ը հայ են։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը